Իրաքը ոչ մի երկրից չի խնդրել ցամաքային զորքեր ուղարկել. Իրաքի վարչապետ

Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Աբադին հայտարարել է, որ Իրաքը ոչ մի պետությունից չի խնդրել ցամաքային ուժեր ուղարկել, և նման գործողությունը կդիտվի որպես «թշնամական ակտ»։ Այս մասին դեկտեմբերի 3-ին հայտնում է Իրաքի կառավարության պաշտոնական կայքը։

Քրդական անվտանգության ուժերի և Իրաքի զինված ուժերի զինվորները Բաղդադի հյուսիսում: Աղբյուր՝ REUTERS

Քրդական անվտանգության ուժերի և Իրաքի զինված ուժերի զինվորները Բաղդադի հյուսիսում: Աղբյուր՝ Reuters

Աբադին շեշտել է, որ Իրաքն այլ երկրների ցամաքային զորքերի կարիքը չունի և որևէ մեկից՝ լինի դա տարածաշրջանային կամ միջազգային կոալիցիա, չի խնդրել ցամաքային զորքեր ուղարկել։

Նա նշել է, որ Իրաքը չի ընդունի որևէ երկրի ցամաքային զորքերի միջամտությունն իր գործերին՝ դա համարելով իր ինքնիշխանության խախտում։ Ըստ այդմ, նման քայլերը կդիտվեն որպես թշնամական ակտ, և Իրաքը դրան համապատասխան գործողություններ կկիրառի։

Իրաքի վարչապետը հայտարարել է, որ իրենք միջազգային կոալիցիաներից մշտապես խնդրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում օժանդակել միայն օդային գործողություննրով, տրամադրել զենք, զինամթերք, ինչպես նաև օգնել իրաքյան բանակի մարզումների հարցում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը հայտարարել էր, որ ԻՊ դեմ պայքարում Իրաքի կառավարական ուժերին, ինչպես նաև քրդական Փեշմերգեին օգնելու նպատակով ԱՄՆ-ն հատուկ նշանակության ստորաբաժանում է տեղակայելու Իրաքում, ինչի համար ստացել է Իրաքի կառավարության թույլտվությունը։

Ինչ վերաբերում է օդային գործողություններին և Իրաքի անվտանգության ուժերին օժանդակությանը, ապա արդեն 2014-ի սեպտեմբերից ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան օդային հարվածներ է հասցնում Իրաքում ԻՊ դիրքերին, իսկ այդ կոալիցիայի մեջ մտնող մի քանի երկրներ մարզում են Իրաքի կենտրոնական իշխանության և Քրդստանի ինքնավարության անվտանգության ուժերին:

One response to “Իրաքը ոչ մի երկրից չի խնդրել ցամաքային զորքեր ուղարկել. Իրաքի վարչապետ

  1. Pingback: Թուրքիան շուրջ 150 հատուկջոկատային և 20 տանկ է տեղակայել Իրաքում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *