Երեկ` հունվարի 7-ի երեկոյան, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները հարձակվել են Իրաքի Մոսուլ քաղաքին մոտ տեղակայված «Բեշիքա» ռազմական ճամբարի վրա, որտեղ թուրք զինվորականները մարզում են Իրաքյան Քրդստանի փեշմերգե զինված ուժերի մարտիկներին: Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը նշում է, որ ճամբարում եղած թուրք զինծառայողները չեն տուժել, իսկ ԻՊ-ն տվել է 17 սպանված: Սակայն թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականի կայքը հայտնում է, որ Փեշմերգեի նախարարության վրա հղումով որոշ լրատվամիջոցներ պնդում են 2 թուրք զինծառայողի սպանվելու մասին, չնայած Փեշմերգեի հրամանատարությունը դեռևս չի մեկնաբանել այդ լուրը:
Քրդական Rudaw լրատվակայքը հայտնում է, որ ԻՊ գրոհայինները ճամբարի վրա կրակել են հրթիռներով և արկերով, ինչից հետո սկսվել է փոխհրաձգություն:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին Թուրքիան շուրջ 150-հոգանոց հատուկջոկատայինների ստորաբաժանում էր մտցրել Իրաք՝ Իրաքյան Քրդստանի մարտիկներին մարզելու պատրվակով։ Դեկտեմբերի 5-ին, Իրաքի կառավարությունը Թուրքիայի պահանջեց դուրս բերել ստորաբաժանումները` հակառակ դեպքում սպառնալով հակաքայլեր ձեռնարկել
Դեկտեմբերի 19-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նշել էր, որ Թուրքիան պետք է հարգի Իրաքի ինքնիշխանությունը և դուրս բերի իր ԶՈւ ստորաբաժանումներն այդ երկրից:
Նույն օրը Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարեց, որ Թուրքիան ամբողջությամբ դուրս է բերելու Իրաքի Մոսուլ քաղաքի մոտակայքում տեղակայած ստորաբաժանումները: Սակայն տվյալ հայտարարությունում չէր նշվում զորքերն Իրաքի տարածքից դուրս բերելու մասին, ինչն ավելի պարզ դարձավ Թուրքիայի ղեկավարության հաջորդ հայտարարությունից:
Դեկտեմբերի 22-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարեց, որ թուրքական այն ստորաբաժանումները, որոնք 2015-ի դեկտեմբերից առաջ գտնվում էին Իրաքում, շարունակելու են մնալ Իրաքի Մոսուլ քաղաքի մոտակայքի «Բեշիքա» ռազմական ճամբարում և մարզել Իրաքյան Քրդստանի փեշմերգե զինված ուժերի մարտիկներին: Իսկ այն ստորաբաժանումը, որը 2015-ի դեկտեմբերին էր տեղակայվել, հետ է քաշվելու դեպի Իրաքի հյուսիսային շրջաններ, սակայն կրկին այդ երկրի տարածքից դուրս չի բերվելու: Նույն հայտարարությունն ավելի ուշ հաստատեց նաև Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:
Դեկտեմբերի 25-ին Արաբական լիգայի անդամ երկրների արտգործնախարարներն Իրաքի կառավարության պահանջով Կահիրեում գումարված արտահերթ ժողովում Թուրքիայից պահանջել էին դուրս բերել զորքերն Իրաքի տարածքից: Սակայն թուրքական ստորաբժանումները դեռևս Իրաքի տարածքում են՝ խախտելով այդ պետության ինքնիշխանության իրավունքը:
Pingback: Իրաքը հերքել է Մոսուլի մոտ ԻՊ-ի և թուրքական զինուժի բախման մասին պնդումները | Ռազմ.info