«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները «Կատյուշա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից (ՀԿՌՀ) հրթիռակոծել են Իրաքի Մոսուլ քաղաքի մոտ տեղակայված Բեշիքա ռազմական ճամբարը, որտեղ եղել են նաև թուրք զինծառայողներ: Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի փոխանցմամբ՝ հրթիռակոծության հետևանքով վիրավորվել է Թուրքիայի ԶՈւ 4 զինծառայող:
Ճամբարում տեղակայված թուրքական ստորաբաժանումն այս միջադեպից հետո հաուբիցներով և ականանետներով կրակել է ԻՊ դիրքերի ուղղությամբ:
Վիրավոր զինծառայողները տարհանվել են Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի կենտրոնական հիվանդանոց:
Թուրքակն NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հարձակման հետևանքով զոհվել է «տեղի ուժերի» երկու զինծառայող, ևս երկուսը վիրավորվել են: Ըստ երևույթին, խոսքն այդ ճամբարում տեղակայված քրդական փեշմերգեի զինված ուժերի մարտիկների մասին է:
<
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին Թուրքիան շուրջ 150-հոգանոց հատուկջոկատայինների գումարտակ էր մտցրել Իրաքի տարածք՝ Իրաքյան Քրդստանի ստորաբաժանումները մարզելու պատրվակով։ Դեկտեմբերի 5-ին, Իրաքի կառավարությունը հայտարարություն էր տարածել` նշվելով, որ եթե Թուրքիան անմիջապես զորքերը դուրս չբերի, ապա իրենք հակաքայլեր կձեռնարկեն։
Դեկտեմբերի 10-ին, Իրաք էին այցելել Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության պետ Հաքան Ֆիդանը և փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն: Վերջիններիս հետ հանդիպման ժամանակ Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին շեշտել էր, որ խնդրի լուծման համար Թուրքիան պետք է անմիջապես բոլոր ստորաբաժանումները դուրս բերի Իրաքի տարածքից։
Նույն օրը Իրաքի վարչապետն արտգործնախարարությանը հրահանգել էր թուրքական զորքերի դուրսբերման հարցով դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ինչի նպատակով ԱԽ-ին նամակ էր հղել նաև ՄԱԿ-ում Իրաքի մշտական դեսպանը: