Իրաքյան Քրդստանի ղեկավարը հանդիպել է Թուրքիայի նախագահին և վարչապետին

Դեկտեմբերի 9-ին Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին թուրքական զորքերի Իրաքում տեղակայելու պատճառով առաջացած խնդիրները քննարկելու համար Թուրքիայում հանդիպել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և վարչապետ Ահմեթ Դավութօղլուին: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ԻՊ դեմ պայքարի և տարածաշրջանային այլ հարցեր: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Իրաքյան Քրդստանի ղեկավար Բարզանին հանդիպել է Թուրքիայի վարչապետ Դավութօղլուին

Իրաքյան Քրդստանի ղեկավար Բարզանին հանդիպել է Թուրքիայի վարչապետ Դավութօղլուին

Ահմեթ Դավութօղլուն Բարզանիի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության պետ Հաքան Ֆիդանը և փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն կմեկնեն Բաղդադ:
Հատկանշական է, որ Թուրքիա երկօրյա այցով ժամանած Բարզանին առաջին հերթին հանդիպել է Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության պետ Հաքան Ֆիդանին։

Հավելենք, որ դեկտեմբերի 9-ին նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան Իրաքում զորքեր է տեղակայել դեռևս 2014-ին՝ Իրաքի վարչապետ Ալ-Աբադիի խնդրանքով: «Թուրքական զորքերը տեղակայվել են Հյուսիսային Իրաքի ռազմաբազաններից մեկում սկսած 2014-ից՝ Իրաքի ղեկավարների խնդրանքով, և մինչև այժմ Իրաքը ոչ մի խնդիր չէր առաջացրել այդ հարցում»,—ասել է Էրդողանը, հաղորդում է թուրքական «Հյուրիյեթ Դեյլի Նյուզը»:

Նշենք, որ  Թուրքիայի արտգործնախարարությունը դեկտեմբերի 8-ին հայտարարություն էր տարածել՝ մեկ անգամ ևս ընգծելով, որ իրենց գործողությունները համաձայնեցված են եղել իրաքյան կողմի հետ, և ստորաբաժանումն Իրաք է մտցվել քրդական փեշմերգեի մարտիկներին մարզելու համար։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին Թուրքիան շուրջ 150-հոգանոց հատուկջոկատայինների գումարտակ էր մտցրել Իրաքի տարածք՝ հայտարարելով, որ ստորաբաժանումները պետք է մարզեն քրդական Փեշմերգեին։ Սակայն ընդամենը մեկ օր անց՝ դեկտեմբերի 5-ին, Իրաքի կառավարությունը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ եթե Թուրքիան անմիջապես զորքերը դուրս չբերի, ապա իրենք հակաքայլեր կձեռնարկեն։

Իրաքում քրդական ուժերին և իրաքյան զոինծառայողներին մարզող Թուրքիայի ԶՈւ հատուկջոկատայիններ

Իրաքում քրդական ուժերին և իրաքյան զոինծառայողներին մարզող Թուրքիայի ԶՈւ հատուկջոկատայիններ. 2015-ի ապրիլ

Իրաքի խորհրդարանի անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավարը հայտարարել էր, որ նրանք նույնիսկ կարող են դիմել Ռուսաստանի ռազմական օգնությանը, եթե Թուրքիան հրաժարվի դուրս բերել իր զորքերը: Միաժամանակ նա նշել էր, որ Իրաքը Թուրքիային 48 ժամ է տալիս ստորաբաժանումները դուրս բերելու համար։ Ըստ էության այդ ժամանակն արդեն լրացել է, սակայն դեռևս կողմերից ոչ մեկը կտրուկ քայլերի չի դիմել։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Թուրքիան նախատեսում էր իր իրաքյան ստորաբաժանումները համալրել ևս 350 հատուկջոկատայիններով՝ եղած զորքերը դուրս բերելու փոխարեն, սակայն դեկտեմբերի 7-ին թուրքական կողմը հայտնել էր, որ ժամանակավորապես կասեցնում է նոր ստորաբաժանումների տեղակայումը։

2 responses to “Իրաքյան Քրդստանի ղեկավարը հանդիպել է Թուրքիայի նախագահին և վարչապետին

  1. Pingback: Հս. Իրաքի քրդական ինքնավարությունը ՌԴ-ին խնդրում է Կասպից ծովից չռմբակոծել ԻՊ դիրքերը | Ռազմ.info

  2. Pingback: Իրաքը Թուրքիայի հարցով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *