Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ այս շաբաթվա ընթացքում Իրաքյան Քրդստանի ղեկավարն ու պաշտպանության նախարարն այցելելու են Թուրքիա՝ երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Մոսուլի մոտակայքում թուրքական հատուկջոկատայինների տեղակայման հարցը քննարկելու համար։ Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը։
Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիայի ԶՈւ հատուկջոկատայինների ստորաբաժանումն ուղարկվել է Իրաք՝ այդտեղ գտնվող ռազմական հրահանգիչների կազմն ուժեղացնելու համար։ Նա հայտարարել է, որ այդ քայլը համաձայնեցված է եղել Իրաքի ղեկավարության հետ։
Ի հակադրություն Չավուշօղլուի պնդումների՝ նշենք, որ Իրաքի կառավարությունն օրեր առաջ Թուրքիայից պահանջել էր դուրս բերել զորքերն իր տարածքից՝ դա համարելով այդ երկրի ինքնիշխանության կոպիտ խախտում: Իրաքյան կողմը հերքել էր քայլն իրենց հետ համաձայնեցնելու մասին թուրքական պնդումները:
Ավելին՝ երեկ՝ դեկտեմբերի 6-ին, Իրաքի խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով հանձնաժողովի ղեկավարը հայտարարել էր, որ եթե Թուրքիան հրաժարվի իր զորքերը դուրս բերել Իրաքի տարածքից, ապա իրենք կարող են նաև ռազմական միջամտության համար դիմել Ռուսաստանին:
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է նաև այսպես կոչված «Սիրիայի թուրքմենների» խնդրին՝ նշելով, որ իրենք որևէ միջազգային իրավունքի դիմելու կամ թույլտվության կարիք չունեն՝ «իրենց եղբայրներին» պաշտպանելու համար։ Չավուշօղլուն, ըստ էության, մեկ անգամ ևս ընդգծել է Թուրքիայի ղեկավարության այն տեսակետը, որ իրենք շարունակելու են օժանդակել Սիրիայի տարածքում ապրող թյուրքական ազգություններին։
Նշենք, որ խոսքը ոչ այնքան խաղաղ բնակչության մասին է, ինչպես պնդում է թուրքական կողմը, այլ՝ Սիրիայի հյուսիսում կռվող զինյալ խմբավորումների, որոնք առելապես պայքարում են Սիրիայի նախագահ Ասադի զորքերի դեմ։
Pingback: Թուրքիան առայժմ դադարեցրել է Իրաքում իր զինուժի ավելացումը | Ռազմ.info