ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է Հայաստան

ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նիստի նախապատրաստման և ՀԱՊԿ անդամ երկրներ այցերի շրջանակում կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան այսօր՝ հուլիսի 23-ին, ժամանել է Երևան և հանդիպել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

Հանդիպումների ընթացքում քննարկվել են աշնանը Դուշանբեում նախատեսված ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերի օրակարգը և ՀԱՊԿ-ում Հայաստանի առաջիկա նախագահությանն առնչվող հարցերը:

Նախագահ Սերժ Սարգսյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուժար Նիկոլայ Բորդյուժայի հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև Հավաքական անվտանգության խորհրդի նախորդ նստաշրջանում ընդունված որոշումների իրագործման ընթացքը: Բորդյուժան Սերժ Սարգսյանին զեկուցել է կազմակերպության ընթացիկ գործունեության, համագործակցության շրջանակներում արձանագրված արդյունքների մասին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի կայքը:

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ, բացի վերը նշված թեմաներից, քննարկվել են նաև կազմակերպության անդամ պետությունների միջև արտաքին քաղաքական համադրման հարցեր։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ կայքը:

Բորդյուժան հանդիպել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ շրջանակներում ռազմական համագործակցության ընթացիկ խնդիրներն ու առաջիկա անելիքները, տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը

Հատուկ ուշադրություն է դարձվել  կազմակերպության շրջանակներում անցկացվելիք «Փոխգործակցություն» և «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունների անցկացման հարցերին: ՀՀ պաշտպանության նախարարը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ծանոթացրել է Հայաստանում «Անքակտելի եղբայրություն-2015» զորավարժության կազմակերպչական աշխատանքների ընթացքին:

Կողմերն անդրադարձել են նաև ՀԱՊԿ պատասխանատվության գոտում և մասնավորապես Հարավային Կովկասում տիրող անվտանգային միջավայրին և հնարավոր զարգացումներին:

Մասնավորապես նաև զորավարժության նախապատրաստման նպատակով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նախորդ անգամ Երևան է եկել նաև 2015-ի մարտին: Պաշտոնյան Հայաստանում զորավարժության նախապատրաստման ընթացքը քննարկել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:

Նշենք, որ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը ՀՀ տարածքում նախատեսվում է անցկացնել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի «Անքակտելի եղբայրություն-2015» զորավարժությունը, որի մտահղացման նախագիծը և գործնական դրվագները համաձայնեցնելու, զորավարժության մասնակիցների թվաքանակը և բազմակողմ ապահովման հարցերը ճշտելու համար հունիսի սկզբին ՀԱՊԿ միացյալ շտաբի և անդամ պետությունների ներկայացուցիչների հետ բանակցություններ են անցկացվել Հայաստանում:

Ավելացնենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հետխորհրդային տարածքի վրա ստեղծված ռազմաքաղաքական միջազգային կազմակերպություն է, որի անդամները ներկայում վեցն են՝ Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան ու Տաջիկստան: Կազմակերպության նպատակն անդամ երկրների անվտանգությունը հավաքական միջոցներով ապահովելն է:

Մասնակից երկրներից յուրաքանչյուրի վրա հարձակումը համարվում է հարձակում կազմակերպության անդամ բոլոր երկրների վրա: Դրանից ելնելով՝ ՀԱՊԿ անդամներից մեկի վրա հարձակման դեպքում մյուս անդամները պարտավոր են անհրաժեշտ՝ այդ թվում և ռազմական օգնություն տրամադրել հարձակման ենթարկվող երկրին:

One response to “ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է Հայաստան

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 19-25 հուլիսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *