Ռազմաշաբաթ. Հայաստան. 19-25 հուլիսի, 2015

Օհանյանի այցը Նախիջևանի սահման • ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հանդիպումները Հայաստանում • Հայաստան է այցելել ՌԴ «գլխավոր հետախույզը» • Հայաստանին մտահոգում է ոչ թե Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելը, այլ այդ զենքի տեսականին • Հայաստան անցած Վրաստանի քաղաքացի ադրբեջանցիների հանձնում Վրաստանին • ՌՈւՀ-երի շրջանավարտները վիճակահանությամբ ընտրել են իրենց զորամասերը • Հեշտացվել է զինծառայողների սոցապահովության վճարումների ստացման կարգը • ՀՀ ԶՈւ անձնակազմը մասնակցելու է «Միջազգային բանակային խաղերին» և ԱՊՀ ռազմամարզական խաղերին • Տանկային բիաթլոնի մասնակից հայաստանյան անձնակազմը մեկնել է Մոսկվա • ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը Հայաստան • Դիտարկում Արցախի Թալիշ գյուղի արևելքում • 102-րդ ռազմաբազայի վարժանքներ Հայաստանում

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այցը Նախիջևանի սահմանային դիրքեր

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այցը Նախիջևանի սահմանային դիրքեր

• Հուլիսի 21-ին և 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է հարավարևմտյան սահմանագոտու (Նախիջևանի սահման) զորամասեր: Օհանյանը եղել է առաջնագծում, ծանոթացել դիրքերում մարտավարական և ծառայողական փոփոխություններին։

• Հուլիսի 23-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Երևանում հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Քննարկվել են ՀԱՊԿ-ում Հայաստանի առաջիկա նախագահությանը և աշնանը Հայաստանում անցկացվելիք ՀԱՊԿ զորավարժությանն առնչվող հարցեր:

• Հայաստան է այցելել ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գլխավոր հետախուզական վարչության պետ, գեներալ-գնդապետ Իգոր Սերգուն, հանդիպել ՀՀ ՊՆ և ԶՈւ հետախուզական մարմինների ղեկավարությանը։

• Հարցազրույցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանը հայտնել է, որ հայկական կողմի համար մտահոգիչ է ոչ այնքան Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելը, այլ վաճառված զենքի տեսականին: Փոխնախարարը նշել է, որ դրանց հիմնական մասը հարձակողական են և նախատեսված են պատրաստված մարտական բնագծերի ճեղքման համար: Հարցազրույցի մի հատվածին կարող եք ծանոթանալ այստեղ:

• Հուլիսի 21-ին հայ-վրացական սահմանի Սադախլո գյուղի մոտակայքում հայ սահմանապահները բռնել են Վրաստանի՝ ազգությամբ ադրբեջանցի 2 սահմանախախտ քաղաքացու, որոնք սահմանը հատել են անզգուշաբար՝ Դեբեդ գետում ձուկ բռնելիս։ ՀՀ ԱԱԾ-ում սահմանախախտներին հարցաքննել են և որպես բարի կամքի դրսևորում՝ հուլիսի 22-ին հետ են հանձնել վրաստանյան կողմին։

• Հուլիսի 24-ին ՌՈւՀ-երի շրջանավարտների` ծառայության հետագա վայրի ընտրության վիճակահանություն է կատարվել ՀՀ ՊՆ-ում։ Նորընծա սպաներից նրանք, ովքեր նախընտրել են ծառայել սահմանային զորամասերում, իրենք են ընտրել ծառայության հետագա վայրը։

• Հուլիսի 23-ին ՀՀ կառավարությունը հեշտացրել է «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի կիրառումը: Որոշումը վերաբերում է մարտական պայմաններում զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողներին դրամական օգնություն ցուցաբերելու ընթացակարգերին և հատկացող գումարների չափերին:

• Հայկական զինված ուժերից ընտրված լավագույն տանկային անձնակազմերը մեկնել են Մոսկվա, որտեղ ներկայում նախապատրաստվում են Տանկային բիաթլոն 2015 մրցույթին: Տանկային բիաթլոնից բացի, հայկական զինված ուժերի անձնակազմերը մասնակցելու են նաև «Միջազգային բանակային խաղերի» մյուս մրցույթներին ևս։ Ընդհանուր առմամբ՝ «Միջազգային բանակային խաղեր-2015» մրցույցի մասնակից երկրները 17-ն են:

Հայաստանցի տանկիստների տանկը օդի մեջ․ Տանկային բիաթլոն-2014

Հայաստանցի տանկիստների տանկը օդի մեջ․ Տանկային բիաթլոն-2014

• ՀՀ ԶՈւ զինծառայողները մասնակցելու են նաև հուլիսի 25-ից 31-ը Մոսկվայում անցկացվելիք ԱՊՀ պետությունների զինված ուժերի միջև առաջին ռազմամարզական խաղերին: Զինծառայողները մրցելու են 10 սպորտաձևերում, որոնցից 6-ը ռազմամարզական, այդ թվում՝ կրակային և մենամարտային վարժաձևեր:

• Հուլիսի 20-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը Երևանում ընդունել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և նրանց հետ քննարկել են Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլը:

• Հուլիսի 22-ին ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի արևելյան ուղղությամբ: Դիտարկման ընթացքում միջադեպեր չեն եղել:

• ՌԴ զինված ուժերի՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները Հայաստանի «Ալագյազ» զորավարժարանում վարժանքներ են անցկացրել հետևակի մարտական մեքենաներով ու հակատանկային կառավարվող հրթիռների համալիրներով, ինչպես նաև տանկերով:

Ռազմաշաբաթը նաև՝

Ադրբեջանում

Վրաստանում

Թուրքիայում

One response to “Ռազմաշաբաթ. Հայաստան. 19-25 հուլիսի, 2015

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Վրաստան. 19-25 հուլիսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *