Մարտի 22-ից 24-ը աշխատանքային այցով Հայաստանում են Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:
Մարտի 23-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում նրանց հանդիպել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի 2014թ. դեկտեմբերյան վեհաժողովի որոշումների իրականացման հարցերն` ուղղված ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ:
Հատուկ ուշադրության են արժանացել ընթացիկ տարում ՀԱՊԿ-ի շրջանակներում պլանավորված միջոցառումների կազմակերպման ու անցկացման խնդիրները, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետությունում կայանալիք ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերի «Անսասան եղբայրություն-2015» համատեղ զորավարժության նախապատրաստման ընթացքը:
Նշենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը հետխորհրդային տարածքի վրա ստեղծված ռազմաքաղաքական միջազգային կազմակերպություն է, որի անդամները ներկայում վեցն են՝ Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան ու Տաջիկստան: Կազմակերպության նպատակն անդամ երկրների անվտանգությունը հավաքական միջոցներով ապահովելն է:
Մասնակից երկրներից յուրաքանչյուրի վրա հարձակումը համարվում է հարձակում կազմակերպության անդամ բոլոր երկրների վրա: Դրանից ելնելով՝ ՀԱՊԿ անդամներից մեկի վրա հարձակման դեպքում մյուս անդամները պարտավոր են անհրաժեշտ՝ այդ թվում և ռազմական օգնություն տրամադրել հարձակման ենթարկվող երկրին:
Pingback: Սերժ Սարգսյանը և Նիկոլայ Բորդյուժան քննարկել են ՀՀ-ում ՀԱՊԿ զորավարժության նախապատրաստումը | Ռազմ.info
Pingback: Կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների ԳՇ պետերի ռազմական կոմիտեի նիստը | Ռազմ.info
Pingback: Հայաստանում ՀԱՊԿ զորավարժության նախապատրաստման բանակցություններ են անցկացվել | Ռազմ.info
Pingback: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է Հայաստան | Ռազմ.info