Ռուսաստանի՝ դեռևս խորհրդային տարիներին Ղրիմում հիմնված ավիացիոն-հրթռային գունդը մոտ ժամանակներս կհամալրվի Տու-22Մ3 ռազմավարական ռմբակոծիչների էսկադրիլիայով։ Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Ինտերֆակս» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարության՝ հուլիսի 22-ի հայտարարությանը։
ՌԴ ՊՆ հայտարարության մեջ նշվել է, որ ներկայումս այդ էսկադրիլիայի՝ Ղրիմում լինելը բարարար է Սև ծովի ջրային տարածքի ու մերձսևծովյան տարածքների անվանգությունն ապահովելու համար։ Նշվել է նաև, որ սա Ռումինիայի տարածքում ամերիկյան հակահրթիռային բազա տեղակայելու դեմ ուղղված քայլերից մեկն է միայն, և չի բացառվում, որ Ղրիմում Տու-22Մ3 ռմբակոծիչների խումբը, հետագայում ևս համալրվելով, կընդլայնվի ու կվերածվի գնդի։
Նշենք, որ ժամանակակից էսկադրիլիան կազմված է 10-35 և ավելի միավոր տեխնիկայից:
Հավելենք, որ դեռևս 1970-ականներին Սևծովյան նավատորմն ուներ ավիացիոն-հրթիռային 3 գունդ, որոնք տեղակայված էին Ղրիմում։ ԽՍՀՄ փլուզումից հետո ավիատեխնիկայի զգալի մասը դուրս բերվեց իսկ ավիացիոն գնդերը կազմալուծվեցին։
Հիշեցնենք, որ ներկայումս ՌԴ ռազմածովային ուժերը Սևաստոպոլում տեղակայված ավիաբազայում ունեն նաև ուղղաթիռային մեկ գունդ՝ Կա-27, Մի-14 և Մի-8 ուղղաթիռներով, և առանձին ավիագունդ՝ համալրված Սու-24 ռմբակոծիչներով, Ան-2, Ան-12, Ան-26 բեռնատար ու Բե-12 հականավային ինքնաթիռներով։
Ավելացնենք, որ Տու-22Մ3 ռմբակոծիչն իր առաջին թռիչքն իրականացրել է 1969-ի հուլիսի 20-ին, իսկ ռազմաօդային սպառազինության կազմի մեջ ընդգրկվել է 1989-ի մարտին։ Ռմբակոծիչն օդում կարող է զարգացնել մինչև 2300 կմ/ժ արագություն։ Թռիչքի առաստաղը 13,3 կմ է, առավելագույն հեռավորությունը՝ 6000 կմ։ Առավելագույն զանգվածը, որն ինքնաթիռը կարող է բարձրացնել, 12 000 կգ է։
Pingback: ՌԴ ՊՆ-ն անակնկալ ստուգումներ է սկսել Սևծովյան նավատորմում | Ռազմ.info