Իրանի բանակի ռազմածովային ուժերի ընթացիկ տարվա (իրանական օրացույցով 2017 մարտի 20- 2018 մարտի 20) ծրագրի առաջնահերթություններից է Ատլանտյան օվկիանոս կրկին նավեր ուղարկելը, նոր նավերի կառուցումը, Մեքրանի ափերի ամրապնդումը։
Այս մասին հայտարարել է Իրանի բանակի ռազմածովային ուժերի հրամանատար Հաբիբոլահ Սայարին։ Ապրիլի 6-ին փոխանցում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։
Իրանական ռազմանավերը Ատլանտյան օվկիանոս առաջին անգամ մուտք են գործել 2016-ի հոկտեմբերին։ Իրանի ռազմածովային ուժերի 44-րդ նավախումբը` կազմված «Ալվանդ» ռազմանավից և «Բուշեհր» թիկունքային ապահովման նավից, օվկիանոս էր մուտք գործել Աֆրիկայի հարավով։
Իրանի ՌԾՈւ 44-րդ նավատորմիղը իրանական քաղաքացիական, առևտրային նավերի անվտանգությունը ծովահեններից ապահովելու համար 2016թ. հոկտեմբերի 5-ին ուղևորվել էր Ատլանտյան օվկիանոսում և Աֆրիկայի միջազգային ջրերում հերթապահության:
2016-ի հոկտեմբերին նավախմբին հաջողվել է Ադենի ծովածոցում հետ մղել իրանական 2 առևտրային նավերի վրա ծովահենների հարձակումները: Ծովահենների մեկ այլ հարձակում նավախումբը կանխել է 2017-ի փետրվարին, Բաբ էլ Մանդեբի նեղուցում։
2017-ի մարտին՝ 44-րդ նավախմբի 5-ամսյա հերթապահությունից վերադառնալուց հետո, Ադենի ծոցում և Բաբ էլ Մանդեբի նեղուցում հերթապահության ուղևորվեց Իրանի ՌԾՈւ 45-րդ նավախումբը։