Իրանի բանակի ռազմածովային ուժերի 45-րդ նավախումբը՝ կազմված «Նաղդի» ականակիր նավից և «Թոնբ» թիկունքային ապահովման նավից, ուղևորվել է Ադենի ծոցում և Բաբ էլ Մանդեբի նեղուցում հերթապահության։ Այս մասին մարտի 13-ին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։
Նավերը հերթապահության են ուղարկվել ՌԾՈւ 44-րդ նավախմբի ՝5-ամսյա հերթապահությունից վերադառնալուց հետո։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը։
Իրանական 44-րդ նավախումբը՝ կազմված «Ալվանդ» ռազմանավից և «Բուշեհր» թիկունքային ապահովման նավից, հերթապահության էր ուղարկվել 2016-ի հոկտեմբերին՝ իրանական 43-րդ նավախմբի Իրան վերադառնալուց հետո։
Նավախումբը ապահովում էր իրանական նավարկող քաղաքացիական, առևտրային նավերի անվտանգությունը ծովահեններից Ադենի ծովածոցում, Բաբ էլ Մանդեբի նեղուցում և Կարմիր ծովում:
2016-ի հոկտեմբերին նավախմբին հաջողվել է Ադենի ծովածոցում հետ մղել իրանական 2 առևտրային նավերի վրա ծովահենների հարձակումները:
Նոյեմբերին նավախումբը Աֆրիկայի հարավով մուտք է գործել Ատլանտյան օվկիանոսի ջրեր: Դա առաջին անգամն էր, որ Ատլանտյան օվկիանոս է մուտք գործել իրանական ռազմանավ։
Ծովահենների մեկ այլ հարձակում նավախումբը կանխել է 2017-ի փետրվարին, Բաբ էլ Մանդեբի նեղուցում։
Իրանական նավերը Կարմիր ծովում և Ադենի ծովածոցում հերթապահություն են իրականացնում 2008 թվականից, երբ ծովահենները առևանգել էին իրանական բեռնատար նավ։