Ավարտվել է «Էրեբունու» ռուսաստանյան ավիախմբի ուղղաթիռների հավաքումը

Ռուսաստանյան զինված ուժերի՝ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ավիախումբը ավարտել է 2015-ի դեկտեմբերին ստացած Մի-24Պ հարվածային և Մի-8ՄՏ բեռնատար ուղղաթիռների հավաքման գործընթացը: Ուղղաթիռներն արդեն պատրաստ են ուսումնամարտական թռիչքների համար: Այս մասին հունվարի 13-ին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Մի-24 հարվածային ուղղաթիռ

Մի-24 հարվածային ուղղաթիռ

Նշվում է, որ ռուսաստանյան ավիախմբի ինժեներները շուրջ մեկ ամսվա ընթացքում ավարտել են ավելի քան 10 միավոր ուղղաթիռների բոլոր անհրաժեշտ համակարգերի հավաքման գործընթացը:

2 ուղղաթիռ արդեն իսկ փորձարկվել է Հայաստանի բարձրադիր վայրերում, իսկ մնացած ուղղաթիռները փորձնական թռիչք կիրականացնեն փետրվարին, ինչից հետո կսկսվեն ուսումնամարտական թռիչքները բարձրադիր լեռնային վայրերում:

Նշենք, որ  առավել վաղ ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի մամուլի ծառայությունը Ռազմինֆոյին տեղեկացրել էր, որ 2015-ի դեկտեմբերի 8-ին «Էրեբունի» օդանավակայանի ռուսաստանյան ավիախումբը համալրվել է ընդհանուր առմամբ 7 միավոր Մի-24Պ և Մի-8ՄՏ ռազմական ուղղաթիռներով, իսկ դեկտեմբերի 21-ին`ևս 6 նմանատիպ ուղղաթիռներով (ընդհանուր առմամբ 13 միավոր Մի-24Պ և Մի-8ՄՏ ռազմական ուղղաթիռ):

Հավելենք, որ Հարավային Կովկասում տեղակայված ռուսաստանյան ռազմական միավորումներում 2014-ից սկսվել է ռազմական ուղղաթիռների էսկադրիլիայի ձևավորման գործընթացը, և իրականացվում է ավիացիոն տրանսպորտային միջոցների հավաքում։ ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի 102-րդ ռազմաբազայի բաղադրիչ Էրեբունի օդանավակայանում շրջանի հրամանատարությունը էսկադրիլիայի կազմավորման գործընթացը սկսել էր 2014-ի հունվարին։

Ռուսասանյան 102-րդ ռազմաբազայի կազմի մեջ մտնող «Էրեբունի» օդանավակայանը համատեղ օգտագործում են ՀՀ ԶՈւ-ի ստորաբաժանումները և ՀՀ-ում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազան։ «Էրեբունիում» տեղակայված են հայկական զինուժի Մի-8 և Մի-24 ուղղաթիռներ, ինչպես նաև ռուսաստանյան ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչները, որոնց թիվը, ինչխպես նաև Մի-8 ուղղաթիռների քանակը 2016-ին պետք է համալրվի։

ՌԴ ԶՈւ ՄիԳ-29 կործանիչը և ՀՀ ԶՈւ Մի-24 հարվածային ուղղաթիռը «Էրեբունի» օդանավակայանում. լուսանկարը ՌԴ 102-րդ ռազմաբազայի մամուլի ծառայության

ՌԴ ԶՈւ ՄիԳ-29 կործանիչը և ՀՀ ԶՈւ Մի-24 հարվածային ուղղաթիռը «Էրեբունի» օդանավակայանում. լուսանկարը ՌԴ 102-րդ ռազմաբազայի մամուլի ծառայության

One response to “Ավարտվել է «Էրեբունու» ռուսաստանյան ավիախմբի ուղղաթիռների հավաքումը

  1. Pingback: «Էրեբունի» ավիաբազայի ՌԴ ԶՈւ օդաչուները ստուգողական թռիչքներ են անում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *