Հունվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցել է 2015 թվականի ուսումնական տարվա ընթացքում ՀՀ ՊՆ հինգերորդ բանակային կորպուսի աշխատանքների արդյունքների ամփոփմանը նվիրված ռազմական խորհրդի նիստին, որի ընթացքում հաշվետու զեկույցներով հանդես են եկել զորամիավորման հրամանատարի տեղակալները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը։
Զեկույցներում վերլուծվել են մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության, մարտական պատրաստության և զինվորական կարգապահության ամրապնդման հարցերի կատարելագործմանն ուղղված միջոցառումների արդյունքները:
Ընդգծվել է, որ առավել բարձրացվել է զորքերի մարտական պատրաստության և առաջադրված մարտական խնդիրներին օպերատիվորեն արձագանքելու աստիճանը, լուրջ ուշադրություն է դարձվել հատկապես առաջնագծում տարվող աշխատանքների կատարելագործմանը:
Ելույթ ունեցողները անդրադարձել են նաև զորամիավորման ենթակա ստորաբաժանումներում մարտական հերթապահության նախապատրաստման և կրման կազմակերպմանը, դրա վերահսկման գործընթացին, պլանավորված և կատարված ինժեներական աշխատանքների որակին:
Բարձր գնահատելով անցած ուսումնական տարվա միջոցառումների արդյունավետությունն ու որակական առաջընթացը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը միաժամանակ անդրադարձել է առկա բացթողումներին, դրանք վերացնելու հիմնական միջոցառումներին ու աշխատանքային ուղղություններին:
Սեյրան Օհանյանը վստահություն է հայտնել, որ 2016թ. ուսումնական տարում զինված ուժերը հավատարիմ են մնալու ամենօրյա զարգացման և շարունակական առաջընթացի սկզբունքներին` տարվա ընթացքում ղեկավարվելով «Պատրաստված հրամանատար, արհեստավարժ բանակ, ապահով հայրենիք» կարգախոսով:
Նիստի ավարտին ուսումնական տարվա ընթացքում լավագույն արդյունքներ ցուցաբերած զինվորական ստորաբաժանումներին հանձնվել են պատվո դրոշներ: Իրենց լավագույնս դրսևորած և բարեխիղճ զինծառայողները պաշտպանության նախարարի, ԶՈւ ԳՇ պետի և զորամիավորման հրամանատարի հրամաններով արժանացել են գերատեսչական մեդալների, պատվոգրերի և արժեքավոր նվերների:
Pingback: Ամփոփվել են 1-ին և 4-րդ բանակային կորպուսների 2015թ․ արդյունքները | Ռազմ.info
Pingback: Պաշտպանության բանակում ամփոփել են 2015թ․ աշխատանքները | Ռազմ.info