Թուրքական ոստիկանությունը հուվարի 13-ին Անթալիայում անցկացրած հատուկ գործողության արդյունքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը (ԻՊ) աջակցելու մեղադրանքով ձերբակալել է Ռուսաստանի 3 քաղաքացու: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Նշվում է, որ թուրքական ոստիկանության Անթալիայի հակահաբեկչական պայքարի բաժնի հատուկջոկատայինները հետախուզությունից ստացված տեղեկությունների հիման վրա ձերբակալել են ՌԴ 3 քաղաքացիների` ԻՊ-ին թիկունքային օգնություն ցուցաբերելու մեղադրանքով և ուղարկել դատարան` հետագա քննության համար:
Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալությունները հետևել են երեկ` հունվարի 12-ին, Ստամբուլի Սուլթանահմեդ հրապարակում իրականացված ահաբեկչական պայթյունից հետո Թուրքիայի արևմտյան խոշոր բնակավայրերում սկսված հակահաբեկչական գործողություններին:
Գերմանացի տուրիստների խմբի մոտ մահապարտ ահաբեկչի գործողության հետևանքով սպանվել էր առնվազն 11, վիրավորվել` 15 մարդ: Զոհված մարդկանցից 9-ը, ինչպես նաև վիրավորվածներից 9-ը նախնական տվյալների համաձայն Գերմանիայի քաղաքացիներ են: Մնացած տուժածների գերակշիռ մասը ևս այլ երկրների քաղաքացիներ են:
Միջադեպի հետ կախված առայժմ հայտարարվել է միայն մեկ անձի ձերբակալության մասին: Նշվում է, որ պայթյունն իրականացրած մահապարտ ահաբեկիչը Սիրիայի քաղաքացի էր:
Թուրքական «Հյուրիեթ» պարբերականի հրապարակած հոդվածում նշվում է, որ հունվարի 12-ի ահաբեկչությունից առաջ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը (ԱՀԿ) 2015-ի դեկտեմբերի 17-ին, ինչպես նաև 2016-ի հունվարի 4-ին զգուշացրել էր, որ Թուրքիայում սպասվում են «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարող միջազգային կոալիցիայի անդամ երկրների քաղաքացիների դեմ ահաբեկչություններ, սակայն դրանք կանխելու համար անհրաժեշտ միջոցառումներ չեն կազմակերպվել:
Ավելացնենք նաև, որ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները կտրուկ սրվեցին, երբ 2015-ի նոյեմբերի 24-ին Սիրիայի՝ Թուրքիայի հետ սահմանամերձ հատվածում խոցեց Ռուսաստանի զինված ուժերի Սու-24Մ ռմբակոծիչը: