Էրեբունի օդակայանում կազմավորվում է ուղղաթիռների էսկադրիլիա

Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի 102-րդ ռազմակայանի բաղադրիչ Էրեբունի օդանավակայանում օկրուգի հրամանատարությունը կազմավորում է Մի-24Պ, Մի-8ՄՏ, Մի-8ՍՄՎ ուղղաթիռների էսկադրիլիա։ Պլանով նախատեսված բոլոր  ուղղաթիռների տրամադրումն Էրեբունի օդակայանին նախատեսված է ավարտել ընթացիկ տարում։

«Էրեբունի» օդանավակայանը

Ինչպես հաղորդում է ռուսական «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը, հղում անելով ՌԴ ԶՈւ ՀՌՕ մամուլի ծառայությանը, ավելի վաղ Հայաստանի տարածքի ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի ավիացիոն խմբի էսկադրիլիան ընդգրկում էր միայն ՄիԳ-29 կործանիչներ, որոնք նախատեսված են ԱՊՀ հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի շրջանակներում մարտական ծառայություն իրականացնելու համար։

Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից շեշտել են, որ ուղղաթիռների նոր էսկադրիլիան ծրագրված է կիրառել մեծ թվով գործողությունների իրականացման, այդ թվում՝ զորքերի ավիացիոն աջակցման, ռուսաստանցի զինծառայողների տեղափոխության համար։

Հիշեցնենք, որ 2013-ի նոյեմբերի երկրորդ կեսին ՀՀ պաշտպանության նախարարության՝ կառավարությանը տրամադրված տեղեկանքում նշվում էր, որ ՌԴ-ն Հայաստանին է փոխանցելու 18 միավոր ուղղաթիռ, իսկ ռուսական կողմն առաջարկել է հզորացնել 102-րդ ռուսաստանյան ռազմակայանը։
Բացի այդ, նոյեմբերի վերջին ՀՀ հարավարևելյան ուղղության դիրքեր կատարած այցի ժամանակ Սեյրան Օհանյանը, պատասխանելով Ռազմինֆոյի հարցին, նշել էր. «ՌԴ ԶՈւ և ՀՀ ԶՈւ սպառազինման պլանների ու համաձայնագրերի համաձայն՝ մենք համալրում ենք զինտեխնիկայով։ Ես առայժմ չեմ ուզում ներկայացնել, թե ինչ տեսակի ուղղաթիռներ են լինելու, բայց ասեմ, որ համալրվում է ինչպես ռուսական ռազմաբազան, այնպես էլ ՀՀ ԶՈւ-ն»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *