«Էրեբունի» ավիաբազայի ՌԴ ԶՈւ օդաչուները ստուգողական թռիչքներ են անում

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիախմբի Մի-8ՄՏ բազմանպատակային և Մի-24Պ հարվածային ուղղաթիռների օդաչուները վարժանքներ են անում: Այս մասին հունվարի 31-ին հայտնել է ՌԴ ՊՆ կայքը:

ՌԴ ԶՈւ Մի-24Պ ուղղաթիռը «Էրեբունի» օդանավակայանում

ՌԴ ԶՈւ Մի-24Պ ուղղաթիռը «Էրեբունի» օդանավակայանում (արխիվ)

Ստուգողական թռիչքներից առաջ օդաչուների հետ անցկացվել են տեսական պարապմունքներ, նրանք անվտանգության և ռազմական ավիատեխնիկայի ղեկավարման ստուգարքներ են հանձնել:

Թռիչքների ժամանակ օդաչուները մշակում են թռիչքով վեր բարձրանալու և վայրէջքի առաջադրանքներ: Ստուգողական թռիչքները տևելու են երկու շաբաթ, այնուհետև օդաչուները անցնելու են  Մի-8ՄՏ բազմանպատակային և Մի-24Պ հարվածային ուղղաթիռների ղեկավարման ավելի բարձր պիլոտաժի հնարքների մշակման:

Ավելացնենք, որ հարվածային Մի-24Պ և բեռնատար Մի-8 ուղղաթիռներով (7 միավոր և 6 միավոր խմբաքանակներով) Հայաստանում ռուսաստանյան ԶՈւ ավիաբազան համալրվել է 2015-ի դեկտեմբերին։ 2016-ի հունվարին ավարտվել էր ուղղաթիռների հավաքումը։ Փետրվարին ավիաբազա է բերվել ավիատեխնիկայի ևս մեկ խմբաքանակ, որի մեջ եղել են 4 միավոր ՄիԳ-29 կործանիչ, նորոգված և արդիականացված ՄիԳ-29Ս կործանիչներ և Մի-8ՄՏ բեռնատար ուղղաթիռներ։

Նշենք, որ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիաբազան Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մեջ մտնող, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի կազմում է:

Ավիաբազան ՀՀ-ում տեղակայվել է 1995 թվականին Հայաստանի ու Ռուսաստանի միջպետական համաձայնագրով: «Էրեբունի» օդանավակայանը համատեղ օգտագործում են ՀՀ ԶՈւ-ի ստորաբաժանումները և ՀՀ-ում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *