Թուրքիան չի դադարեցրել ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու մրցույթը

Թուրքիայի՝ մեծ և միջին հեռահարության ՀՕՊ համակարգեր գնելու մրցույթը չի դադարեցվել, ներկայում արդեն ավարտին են մոտենում ՀՕՊ համակարգեր վաճառող ընկերությունների հետ ֆինանսական բանակցությունները, սակայն թուրքական կողմը հիմա այլ ուղղությամբ է կենտրոնացրել ուշադրությունը: Այս մասին, ըստ ամերիկյան Defense News լրատվական կայքի, հայտարարել է Թուրքիայի ՊՆ պաշտպանական արդյունաբերության քարտուղարության ղեկավար Իսմաիլ Դեմիրը:

Ս-300 ԶՀՀ-ի չինական կրկնօրինակ՝ HQ-9 ԶՀՀ

Ս-300 ԶՀՀ-ի չինական կրկնօրինակ՝ HQ-9 ԶՀՀ

Պաշտոնյայի խոսքով՝ Թուրքիան ներկայում մտադիր է ՀՕՊ համակարգեր արտադրող ընկերությունների հետ կնքել այնպիսի պայմանագրեր, որոնցով համակարգի որոշ տարրեր թուրքական կողմին մատակարարելուց հետո արտասահմանյան ընկերությունները կհամաձայնեն թուրքական կողմին (թուրքական ռազմարդյունաբերական ընկերություններին) փոխանցել համակարգերի տեխնիկական փաստաթղթերը, որպեսզի Թուրքիան հետագայում կարողանա ինքնուրույն արտադրել նմանատիպ համակարգեր կամ կազմակերպել համատեղ արտադրություն:

Պաշտոնյան հայտարարել է, որ թուրքական կողմը ներկայում ֆինանսական խնդիրներ չունի, և իրենց հետաքրքրում է բանակցությունների ոչ այնքան ֆինանսական կողմը, որքան այն, որ գործարքից հետո թուրքական կողմը հնարավորինս շատ տեխնիկական փաստաթղթեր ստանա:

Հիշեցնենք, որ մեծ և միջին հեռահարության ՀՕՊ համակագեր գնելու մրցույթին թուրքերը նախ 2013-ի սեպտեմբերին հաղթող ճանաչեցին Չինաստանի արտադրած HQ-9 համակարգերը (Ս-300-ի չինական կրկնօրինակ), հետո ՆԱՏՕ-ի ճնշման տակ չեղյալ հայտարարեցին իրենց որոշումը: ՆԱՏՕ-ն իր ճնշումները պատճառաբանում էր նրանով, որ չինական ՀՕՊ համակարգը չի կարող ինտեգրվել Թուրքիայում ներդրված նատօյական ընդհանուր ՀՕՊ համակարգին: Սակայն պարզից պարզ է, որ ՆԱՏՕ-ին ավելի շահավետ կլիներ, որ Թուրքիան գումարը ծախսեր ամերիկյան արտադրության համակարգեր գնելու վրա, ոչ թե չինական:

Հետագայում՝ 2015թ. փետրվարին, Թուրքիան հայտարարեց, որ ընդհանրապես սառեցնում է մրցույթը մինչև ապրիլի 24-ը, որպեսզի տեսնի, թե Հայոց ցեղասպանության 100-ամյակին ինչպիսի արձագանք կլինի ԱՄՆ-ից (մրցույթին մասնակցում էր Patriot համակարգով) և Ֆրանսիայից (մրցույթին մասնակցում էր Samp/T համակարգով): Սակայն դրանից հետո երկար ժամանակ որևէ տեղեկություն չէր հրապարակվում գործարքի ճակատագրի մասին:

Իսպանիայի զինված ուժերի Patriot ՀՕՊ համակարգի արձակման կայանը՝ Ադանայի օդային տարածքը հսկելիս

Իսպանիայի զինված ուժերի Patriot ՀՕՊ համակարգի արձակման կայանը՝ Ադանայի օդային տարածքը հսկելիս

Օգոստոսին էլ հայտնի դարձավ, որ Գերմանիան և ԱՄՆ-ն դուրս են բերելու Թուրքիայում՝ Սիրիայի հետ սահմանին, տեղակայված իրենց Patriot համակարգերը, որոնք Թուրքիայի խնդրանքով այնտեղ էին տեղակայվել 2013-ին (ԱՄՆ-ն արդեն դուրս է բերել համակարգերը հոկտեմբերին): Այսքանից հետո, չունենալով նման հեռահարության սեփական ՀՕՊ համակարգ, Թուրքիան մնալու է միայն իսպանական Patriot-ների հույսին, որոնք տեղակայված են Ադանայում:

2 responses to “Թուրքիան չի դադարեցրել ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու մրցույթը

  1. Pingback: Թուրքիան 2 տարի բանակցություններից հետո չեղարկել է հեռահար ՀՕՊ համակարգեր գնելու մրցույթը | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքիայում քննարկում են Ռուսաստանից Ս-400 համալիրների գնման հարցը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *