Հոկտեմբերի 30-ին ՊՆ վարչական համալիրում կայացել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը` նվիրված պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների հիման վրա ՀՀ ԶՈւ զարգացման 2016-2020թթ. շրջափուլի նախապատրաստական աշխատանքների, զարգացման պլանի հիմնական ուղղությունների քննարկմանը:Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության վարչությունը։
Կոլեգիայի նիստին մասնակցել են Պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչները:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Սեյրան Օհանյանը ՀՀ պաշտպանության և անվտանգային համակարգի հեռանկարային զարգացման համատեքստում կարևորել է պաշտպանության արդեն երկրորդ ռազմավարական վերանայման գործընթացի անհրաժեշտությունն ու արդիականությունը: Գործընթաց, որի վերջնանպատակն է ապահովել ՀՀ ԶՈւ երկարաժամկետ և կայուն զարգացումը, ընդլայնել զինված ուժերի մարտական կարողությունները:
Նիստի ընթացքում մասնակիցներն անդրադարձել են ԶՈւ զարգացման պլանի միջոցառումների կատարման ընթացքին, ռազմավարական վերանայման յուրաքանչյուր փուլի հիմնական եզրահանգումներին և խնդրահարույց հարցերին, բանակում ներդրված «Խելացի պաշտպանություն», «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» ղեկավարման սկզբունքների և մոտեցումների կիրառման գործնական արդյունքներին, միջազգային ռազմական համագործակցության հնարավորությունների ընդլայնման, զորային կառույցի կատարելագործման և ընդհանուր առմամբ պաշտպանական համակարգի վերափոխման կարևորագույն ուղղություններին:
Քննարկվել են ՀՀ անվտանգային միջավայրի շուրջ առկա և հավանական սպառնալիքները, դրանց հակազդման մեխանիզմներն ու ռազմավարական բնույթի միջոցառումները: Օրակարգային հարցերի շուրջ կարծիքներ են փոխանակվել, հնչել են մի շարք առաջարկություններ:
Կոլեգիայի նիստի ավարտին ամփոփվել են նաև 2015թ. հոկտեմբեր ամսվա ընթացքում զինված ուժերում իրականացված աշխատանքները, կարևորագույն միջոցառումները, մատնանշվել են ձեռքբերումներն ու բացթողումները: Առաջիկա հիմնական անելիքների և մասնավորապես` ձմեռային նախապատրաստական միջոցառումների պատշաճ կազմակերպման և դրանց կատարման ընթացքի վերաբերյալ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից տրվել են համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ:
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 25–31 հոկտեմբերի, 2015 | Ռազմ.info
Pingback: Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպանին | Ռազմ.info
Pingback: ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Մեծ Բրիտանիայի դեսպանին | Ռազմ.info