ԱՄՆ-ի՝ 2013-ից Թուրքիայում տեղակայված Patriot ՀՕՊ համակարգերը դուրս են բերվել երկրից, սկզբում տեղափոխվել են Միջերկրական ծովի Իսկենդերուն թուրքական նավահանգիստ, որտեղից Ocean Globe բեռնափոխադրող նավով տարվել են ԱՄՆ։ Այս մասին թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ, հոկտեմբերի 13-ին հայտարարել են երկրի անվտանգության մարմինների աղբյուրները։
Հիշեցնենք, որ դեռևս օգոստիսի 16-ին Թուրքիայի ԱԳՆ կայքում և Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան կայքում տեղադրված թուրք-ամերիկյան համատեղ հայտարարության մեջ նշվել էր, որ հոկտեմբերին՝ ամերիկյան Patriot-ների՝ Թուրքիայում ծառայության ժամկետի վերջանալուց հետո, կողմերն այլևս չեն թարմացնելու (չեն երկարացնելու) համաձայնությունը, և ամերիկյան համակարգերը դուրս են բերվելու Թուրքիայից:
Սրան նախորդել էր Գերմանիայի պաշտպանության նախարարության հայտարարությունը, ըստ որի՝ 2016-ի հունվարին դուրս են բերելու իրենց Patriot զենիթահրթռիային համակարգերն ու դրանց անձնակազմերը Թուրքիայից։
Նշենք, որ Թուրքիան սեփական զինված ուժերում այս համակարգերից չունի, ու Գերմանիայի՝ հունվարին Patriot-ների դուրսբերումից հետո Թուրքիայում ծառայության մեջ կմնան միայն Իսպանիայի զինված ուժերի ստորաբաժանումները՝ իրենց Patriot համակարգերով: Սրանք Թուրքիայում տեղակայվել են 2015-ի սկզբին՝ փոխարինելով նիդեռլանդական ստորաբաժանումներին, որոնք Թուրքիայի տարածքից դուրս են բերվել 2015-ի հունվարին՝ վերանորոգելու և սպասարկելու նպատակով։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նատօյական դաշնակիցները Patriot համակարգերը երկրի հարավային սահմանին բացազատել էին 2013-ին, երբ Թուրքիան դիմել էր ՆԱՏՕ-ին՝ միջին ու մեծ բարձրություններում թիրախներ խոցելու ունակ ՀՕՊ համակարգեր տրամադրելու խնդրանքով՝ պատճառաբանելով սիրիական ճգնաժամի հետևանքով իր հարավային սահմաններին ստեղծված վտանգավոր իրավիճակը:
Հավելենք, որ Թուրքիան ՀՕՊ համակարգերի ձեռքբերման մրցույթ էր հայտարարել, որին մասնակցում էին նաև Patriot-ները: Սակայն թուրքերը նախ` մրցույթի հաղթող ճանաչեցին Չինաստանի արտադրած HQ-9 համակարգերը (Ս-300-ի չինական կրկնօրինակ), հետո ՆԱՏՕ-ի ճնշման տակ չեղյալ հայտարարեցին իրենց որոշումը: ՆԱՏՕ-ն իր ճնշումները պատճառաբանում էր նրանով, որ չինական ՀՕՊ համակարգը չի կարող ինտեգրվել Թուրքիայում ներդրված նատօյական ընդհանուր ՀՕՊ համակարգին: Սակայն պարզից պարզ է, որ ՆԱՏՕ-ին ավելի շահավետ կլիներ, որ Թուրքիան գումարը ծախսեր ամերիկյան արտադրության համակարգեր գնելու վրա, ոչ թե չինական:
Pingback: ՆԱՏՕ-ի անդամները պատրաստվում են ընդլայնել օգնությունը Թուրքային | Ռազմ.info
Pingback: ԱՄՆ-ն դուրս է բերել Թուրքիայում տեղակայած F-15C կործանիչները | Ռազմ.info
Pingback: Գերմանական Patriot-ները դուրս են բերվել Թուրքիայից | Ռազմ.info
Pingback: ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները անդրադարձել են Թուրքիային օգնությանը | Ռազմ.info