Թուրքիան ապրիլի 24-ին ընդառաջ դադարեցրել է ՀՕՊ համակարգերի գնման մրցույթը

Թուրքիան դադարեցրել է սեփական մեծ հեռահարության ՀՕՊ համակարգերի ստեղծման բանակցությունները Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ մինչև Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը՝ 2015-ի ապրիլի 24-ը։ Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet Daily News լրատվակայքը։

Ս-300 ԶՀՀ-ի չինական կրկնօրինակ՝ HQ-9 ԶՀՀ

Ս-300 ԶՀՀ-ի չինական կրկնօրինակ՝ HQ-9 ԶՀՀ

Կայքը հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցչի հաղորդած տվյալներին, փոխանցում է, որ Թուրքիան ՀՕՊ համակարգերի գնման պայմանագիրը ստորագրելուց առաջ ցանկանում է տեսնել, թե Ֆրանսիան և ԱՄՆ-ն ինչ դիրքորոշում կորդեգրեն Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ժամանակ։

Նա նշել է, որ մրցույթին մասնակցող ընկերությունները ևս գիտեն այն, որ ցեղասպանության հարցում իրենց պետությունների որդեգրած դիրքորոշումը մեծապես ազդելու է Թուրքիայի՝ որևէ պետության ռազմարդյունաբերական ընկերության առաջարկն ընդունելու և խոշոր պատվերը վստահելու որոշման վրա։

Նշենք, որ 2014-ի դեկտեմբերի 21-ին  Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել էր, որ Թուրքիան վեցերորդ անգամ հետաձգում է 2013-ից անցկացվող մեծ և միջին հեռահարության հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համակարգերի գնման մրցույթը։

Յըլմազը հայտարարել էր, որ այդ հարցի վերաբերյալ վերջնական որոշում կընդունվի 2015-ի հունվարին՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի ղեկավարությամբ անցկացվելիք պաշտպանական արդյունաբերության կոմիտեի նիստում, որտեղ, սակայն, մրցույթը երկարաձգելու որոշում կայացվեց։

Հիշեցնենք, որ 2013-ի սեպտեմբերի 26-ին Թուրքիայի ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստի ժամանակ մեծ հեռահարության ՀՕՊ համակարգի մրցույթի արդյունքներով որոշում էր կայացվել ձեռք բերել Չինաստանը ներկայացնող China Precision Machinery Export-Import Corp. (CPMIEC) ընկերության HQ-9 (FD-2000) զենիթահրթիռային կայանները։ Սակայն հետագայում Թուրքիան հետ կանգնեց այդ որոշումից՝ չեղյալ հայտարարելով մրցույթի արդյունքները և հայտարարելով մրցույթը շարունակելու մտադրության մասին։

Նշենք, որ Ամերիկյան Defense News ռազմական լրատվակայքի փոխանցմամբ, Թուրքիայի վրա ճնշում են գործադրում ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրները, ինչի հետևանքով անիրական է դառնում չինական ընկերության հետ համագործակցությունը։ Նշվում էր, որ չինական համակարգերը չեն կարող օգտագործվել արդյունավետ, քանի որ Թուրքիայի ՀՕՊ ենթակառուցվածքը հիմնված է ՆԱՏՕ-ի չափորոշիչների վրա ու Անկարան չի կարող այս հարցում միանձնյա որոշում կայացնել։

Հիշեցնենք, որ Թուրքիային միջին ու հեռահար ՀՕՊ միջոցներ մատակարարելու 3-4 մլրդ դոլար արժողությամբ պայմանագրի համար պայքարում են ամերիկյան Patriot PAC-3,  ֆրանս-իտալական Samp/T ու ռուսաստանյան Ս-300-ների հիմքի վրա ստեղծված չինական HQ-9 (արտահանման տարբերակ՝ FD-2000) ՀՕՊ համակարգերը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *