ԱՄՆ-ի և Գերմանիայի՝ Patriot համակարգերը Թուրքիայից դուրս բերելու հայտարարություններից հետո Իսպանիան առայժմ չի պատրաստվում դուրս բերել իր համակարգերը Թուրքիայից: Այս մասին Իսպանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է իսպանական La Razon պարբերականի հետ հարցազրույցի ժամանակ:
Պաշտպանության նախարար Պեդրո Մորենեսը նշել է, որ ամերիկյան և գերմանական զինված ուժերի Patriot համակարգերի ու դրանք շահագործող ստորաբաժանումների դուրսբերումից հետո միայն Իսպանիան չի կարող լիարժեք իրականացնել ծրագիրը, ինչի պատճառով իսպանական համակարգերի՝ Թուրքիայում մնալը կդառնա անիմաստ:
Բայց չնայած դրան՝ Իսպանիան մտադիր է իր համակարգերը թուրքական տարածքում թողնել այնքան ժամանակ, քանի դեռ ՆԱՏՕ-ն չի պահանջել դուրս բերել դրանք:
Նախարարը նշել է նաև, որ այդ հարցերի վերաբերյալ ինքն առաջիկայում բանակցելու է ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ՝ ճշտելու համար, թե արդյոք գերմանական և ամերիկյան համակարգերի դուրսբերումից դրանց փոխարեն այլ երկրների համակարգեր ու ստորաբաժանումներ Թուրքիայում տեղակայվելու են, թե՝ ոչ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 15-16-ին Գերմանիան և ԱՄՆ-ն հայտարարել են, որ Թուրքիայի տարածքից դուրս են բերելու իրենց Patriot համակարգերը իրենց «հերթապահության» ավարտից հետո՝ 2016-ին: Դրանից հետո թուրքական օդային տարածքը Սիրիայից և «Իսլամական պետությունից» եկող հավանական վտանգից պաշտպանելու նպատակով Թուրքիայում մնալու են միայն Իսպանիայի համակարգերը, որոնք էլ այնտեղ տեղակայվել են 2015-ի հունվարին՝ փոխարինելով նիդեռլանդական համակարգերին:
Նշենք, որ Թուրքիան սեփական զինված ուժերում այս համակարգերից չունի:
Թուրքական օդային տարածքի անվտանգությունն ապահովելու համար նրա նատօյական դաշնակիցները Patriot համակարգերը երկրի հարավային սահմանի մոտ բացազատել էին 2013-ին՝ այն բանից հետո, երբ Թուրքիան դիմել էր ՆԱՏՕ-ին՝ միջին ու մեծ բարձրություններում թիրախներ խոցելու ունակ ՀՕՊ համակարգեր տրամադրելու խնդրանքով:
Pingback: Իսպանիան իր ՀՕՊ համակարգերը առնվազն ևս մեկ տարի պահելու է Թուրքիայում | Ռազմ.info