Մեր տունը դարձավ Տողի կենտրոնական շտաբը. Կարինե Գրիգորյան

Razm.info-ն սկսում է հեղինակային նոր շարք՝ «Դուք նրանց մասին չգիտեք»։ Մեր այս պատմությունների հերոսներն Արցախյան ազատամարտի մասնակիցներ են ամբողջ Հայաստանից։ Մեր  այսօրվա զրուցակիցը Կարինե Գրիգորյանն է (Ավետիսյան, ամուսնու ազգանունն է)։ Տողի ազատագրման ժամանակ նրանց տունը դարձել է շտաբ։  Razm.info-ն եղել է նրանց տանը, շրջել այն սենյակներում, որտեղ ուղիղ 24 տարի առաջ զենք զինամթերք էր պահվում ու գծվում գյուղի ազատագրման պլանը։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Տողն ազատագրվեց։

Կարինե Գրիգորյանը

Կարինե Գրիգորյանը

—Տիկին Կարինե, հայերի ու ադրբեջանցիների հարաբերությունները ե՞րբ սկսեցին սրվել։

Հենց սկզբից, հենց 1988 թվականից, երբ շարժումը սկսվեց։ Զգում էինք, որ մի բան այն չէ, որ ադրբեջանցիներն ուզում են մեզ խեղճացնել, փառք Աստծո, ունեինք Աղաբեկյան, Վիգեն, մենք «Արմենչո» ունեինք, ունեինք այնպիսի կիրթ, լավ մարդիկ, ովքեր կարողացան ամեն ինչ կազմակերպել, վերցնել իրենց ձեռքը։ Ճիշտ է՝ սկզբում ընդհատակյա էր ամեն ինչ, ընդհատակյա ժողովներով, գաղտնի իրազեկումներով սկսվեց շարժումը, սկսվեց պայքարը։ Այն ժամանակ ես աշխատում էի մանկապարտեզում որպես մանկապարտեզի վարիչ։ Նկատի ունեցեք, որ մանկապարտեզը ինտերնացիոնալ մանկապարտեզ էր, երկկողմանի էր. հաճախում էին և´ հայ, և´ ադրբեջանցի երեխաներ, 25 երեխա ունեինք հայկական, 25՝ ադրբեջանական խմբում։ Խմբերն առանձին էին, վարիչը մեկն էր, յուրաքանչյուր խումբ իր դաստիարակչուհիներն ուներ։

Երբ պայքարն սկսվեց, մեր տունը դարձավ կենտրոնական շտաբը, գաղտնի իհարկե, ինքնաբերաբար։ Եկան, հավաքվեցին, մեկ-երկու, տասներկու… Առաջին հարկը զինանոց էր։ Երբ Իգոր Մուրադյանը եկավ, տեսավ ամբողջ զենքը, զինամթերքը, ամեն ինչ դասավորած այնտեղ, ասաց՝ « Կարինե, տունդ ի՞նչ գնով ես առել… »։ Այն ժամանակ ժողովուրդը գնում-հեռանում էր, փախչում էին աջ ու ձախ, մենք էլ նոր-նոր տուն էինք առել, կիսակառույց տուն էինք վերցրել, ու բոլորով էդ տանն էինք՝ երեխաները, ֆիդայիները, ազգային- ազատագրական ջոկատները։ Այն ժամանակ դոլլար-բան չկար, ասացի՝ «15 հազար ռուբլիով», ասաց՝ «Հիմա գիտե՞ս տունդ ինչ արժի. մի լուցկու չոփ արժի, որովհետև այստեղ այնքան զենք կա, մի հատիկ լուցկու չոփը հերիք է, որ օդ բարձրացնի բոլորիս»։ Ասացի ՝ «Ինչ ուզում է՝ լինի, թուրքի լծից ավելի լավ չէ՞»։

Տողի ազատագրման ժամանակ Կարինե Գրիգորյանի և իր ամուսնու տունը դարձավ կենտրոնական շտաբը

Տողի ազատագրման ժամանակ Կարինե Գրիգորյանի և իր ամուսնու տունը դարձավ կենտրոնական շտաբը

—Ազատագրման ծրագրի մասին կպատմե՞ք, ի՞նչ էր կատարվում, ի՞նչ էիք զգում։

Ինչե՜ր է տարել Տողի ժողովուրդը. ամենաթեժ գիծը այստեղ էր, մեկ գյուղում՝ իրար կողքի ապրող հայ ու ադրբեջանցի ժողովուրդներ, պատկերացնու՞մ եք՝ ինչեր կարող էին լինել, եթե խելոք, կիրթ ղեկավարություն չունենայինք այստեղ, եթե լավ կազմակերպիչներ չունենայինք։ Այլ ելք չունեինք, պայքար էր, պետք է պայքարեինք, պետք է հասնեինք մեր նպատակին, ամենակարևորն այն էր, որ մեր երեխաները ազատ ապրեն, որ մենք թուրքի լծի տակ չլինեինք։

Տողի ազատագրման այնպիսի՜ ծրագիր էր կազմվել Արկադի Տեր- Թադևոսյանի, Արթուր Աղաբեկյանի, Վալերի Բալայանի, Վիգեն Գրիգորյանի, Արարատ Հայրյանի, Արմեն Գրիգորյանի ղեկավարությամբ։ Մեր գյուղի ազատագրման 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ Արկադի Տեր- Թադևոսյանը նույնպես եկել էր, գյուղի ազատագրման քարտեզը նվիրեց մեզ, հորս, ով նույնպես մասնակցել է ու հիմա 83 տարեկան է։ Հաճելի է գիտակցել, որ դու էլ ունես այդ ամենում ներդրում, զգացված էի շատ։ Այսօր իմ թոռնիկները խաղաղ ապրում են այս հողի վրա, առանց վախի, առանց կասկածելու, հպարտությամբ, որ սա մեր հողն է, մեր տատիկների, պապիկների ազատագրած հողն է։

— Գյուղի կյանքն ինչպե՞ս էր ընթանում, մանկապարտեզն աշխատո՞ւմ էր այդ ժամանակ։

Որպեսզի մեր երեխաներից զոհ չտանք, մանկապարտեզը տեղափոխեցինք, բայց չդադարեցրինք աշխատանքը, որովհետև եթե դպրոցը, մանկապարտեզը, բուժկետը չեն աշխատում, ուրեմն կյանքը դադարում է, խուճապ է սկսվում ժողովրդի մոտ։

Գիտե՞ք՝ ինչպես էինք պահում մանկապարտեզը, յոթ կին էինք աշխատում, մեզ մոտ տղամարդ չկար, յոթ կին՝ համահավասար, արդեն մեր մեջ ոչ վարիչ կար, ոչ կար դաստիարակչուհի, ոչ աշխատակից, համահավասար իրավունքների ու պայքարի մեջ մարդիկ, գնում էինք Սովխոզից ցորեն վերցնում, բերում, լվանում, ավանակները բարձած տանում էինք Մոխրենես կոչվող տեղամաս, ջրաղացն այնտեղ է, աղում էինք, բերում ու անգամ էլեկտրականություն չունեինք, որ հաց թխեինք, վառարանի վրա լավաշներ էինք թխում, մանկապարտեզ պահում, երեխաների համար կոնֆետներ էինք սարքում կաթի արհեստական փոշուց ու ընկույզով, շոկոլադն էինք սարքում կակաոյով, երեխաներին բաժանում, այնքան հաճելի էր, երեխաները օգտվում էին այդ ամեն ինչից։ Մինչև այսօր էլ այդ բոլոր երեխաներն ինձ տեսնելիս ընկեր Կարինե են կանչում։

Է՜հ, ի՞նչ պատմեմ. մեր տղաները հրաշալի ծրագիր մշակեցին, շատ լավ կռվեցին, ազատեցին մեր Տողը։ Ասում է՝ Տողը Տող է, մի բուռ հող է, բայց Տողը ոչ թե Տող էր, այլ թուրքերի համար դող էր։ Նրանք իսկապես մինչև այսօր երևի չեն պատկերացնում՝ ինչպես կարելի էր ազատագրել Տողը, հայերից երեք անգամ շատ թուրք բնակիչ ունեցող Տողը։

Տող գյուղն այժմ։ Նկարը՝ Սասուն Դանիելյանի

Տող գյուղն այժմ։ Նկարը՝ Սասուն Դանիելյանի

—Ձեր տանն այդքան հաճախ էին հավաքվում, ի՞նչ հետաքրքիր պատմություն կհիշեք։

Մեր տանն այնքան հետաքրքիր ակնթարթներ են եղել, այնքան շատ են եկել- գնացել ու մինչև հիմա։ Երբ մեր գյուղապետը զանգում, ասում է՝ հյուր ունես, զարմանում եմ՝ մեր տուն մի հոգի չի գալիս, եթե մի հոգի է, ուրեմն հյուր չէ։ Որ գալիս են, մեզ մոտ պիտի շատ գան, մենք քիչ հյուրեր չենք ընդունում։

Այն ժամանակ այսքան տեղ չկար, դժվար էր։ Մի օր կեսգիշերին Եղեգնաձորի ջոկատը եկավ, պետք է գիշերեին մեզ մոտ՝ թրջված, ցեխոտ։ Եկել են, ասում եմ՝ սովա՞ծ եք, բրնձով փլավ ունենք, ասում են՝ինչ ուզում է լինի, թեկուզ՝ պանիր, հաց։ Առանց հուզմունքի չեմ կարողանում հիշել… Տղաները քնապարկերով, տանը եղած տեղաշորերով պառկել, նստել էին, ամբողջ տան մեջ մի ազատ անկյուն չկար, որ գոնե նստեի, ատամս էլ այնպես էր ցավում։

Մեզ մի Միշա ունեինք, Արկադի Տեր- Թադևոսյանի խմբից էր, շատ գիրք կարդացող երեխա էր, գիրքը բռնել, պառկել էր հենց պատի տակ, պահարանի մոտ, նայեցի, մտածեցի՝ տղաները ավելորդ քնապարկերը հավաքել են մեկի մեջ, դրել մի անկյունում, ուրախացա՝ հազիվ մի տեղ է ազատվել, կարող եմ նստել, գնացի, նստեցի, տեսնեմ՝ մեկը գոռում է՝ «Էս ո՞վ է վրաս նստել, հիմա կհելնեմ, ճակատիդ ոսկորը կջարդեմ»։ Թռել եմ վեր անակնկալի եկած, շփոթված, ասում եմ՝«Մի հատ գլուխդ հանի, դու եկել ես իմ տան մեջ գլուխս ես ջարդու՞մ, ես իմացա՝ քնապարկերն եք լցրել, գցել մի անկյուն»։ Հիմա որ տղաները հավաքվում են, սկսում են այդ պատմությունն ամբողջ խմբով պատմել։

Դեռ գյուղում թուրքեր կային, գյուղը չէինք ազատագրել, Խաչատրյան Աշոտ ունեինք, իրեն մի անգամ ասացի, որ եկել եք այսպես բոլորով ինչ-որ մի բան լինելու է։ Ասաց՝ Կար, մենք, որ գալիս ենք, հենց այնպես չենք գնում, բոլորին խառնում ենք իրար, նոր գնում։ Արկադի Տեր- Թադևոսյանն էլ էր այնտեղ, ասաց՝ «нет, мы никуда не идем без победы»։ Եվ իրոք, առանց հաղթանակի ոչ մի տեղ չգնացին, պայքարեցին, հաղթեցին, արդյունքն էլ այսօր տեսնում ենք, մեր աչքի առաջ է։

Կարինեի ենթասպայի կոչումը

—Տարիներ են անցել, հիմա ինչպիսի՞ն է գյուղը, տիկին Կարինե։

Այսօր մենք ունենք ջրաշխարհ, գինու գործարան, ունենք երաժշտական դպրոց, արվեստի դպրոց։ Կյանքն արդեն հունի մեջ է ընկնում, կարելի է ապրել, կարելի է պայքարել, ուրեմն ինչո՞ւ չպայքարենք, ինչո՞ւ դուրս գանք, թողնենք մեր հայրենիքը, ո՞ւմ թողնենք, մենք այստեղ ենք ծնվել, սա մեր հողն է։ Թոռնիկս մի ոտանավոր է ասում՝ «Բոլոր զենքերը վառեք, ծուխը երկինք բարձրանա, Ղարաբաղի մանուկները ծիծաղելով մեծանան»։ Ասում եմ՝ «Կարին, Ղարաբաղն ի՞նչ է», ասում է ՝ «Տատի´կ, դու չգիտե՞ս, որ Ղարաբաղը իմ տունն է, իմ հայրենիքն է»։ Յուրաքանչյուր երեխա թող իմանա, թող նորածինն էլ իմանա՝ սա իր սուրբ հողն է, այն պետք է պաշտպանեն, պետք է ամեն մեկս մեր հայրենիքին տանք այն, ինչ կարող ենք տալ, պետք է քարը քարին դնենք, շենացնենք մեր օջախները։

Տիկին Կարինեն թոռնիկի հետ

Տիկին Կարինեն իր անունը կրող թոռնիկի հետ

Տիկին Կարինեի հետ Հասմիկ Մելիքսեթյանը զրուցել է 2014 թվականի օգոստոսին

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *