Նախորդ երկու օրերին Գերմանիան, իսկ այնուհետ նաև Միացյալ Նահանգները հայտարարել են, որ մտադիր են առաջիկայում Թուրքիայից դուրս բերել իրենց Patriot զենիթահրթիռային համակարգերը և դրանք շահագործող ստորաբաժանումները:
![Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի հարավարևելյան Քահրամանմարաշ գավառում բացազատված գերմանական Patriot զենիթահրթիռային համակարգերի մոտ](https://razm.info/wp-content/uploads/2015/08/Merkel-in-der-Tuerkei-Patriot-480x270.jpg)
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի հարավարևելյան Քահրամանմարաշ գավառում բացազատված գերմանական Patriot զենիթահրթիռային համակարգերի մոտ
Այսպես, օգոստոսի 15-ին Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ 2016-ի հունվարին դուրս է բերելու իր Patriot զենիթահրթռիային համակարգերն ու դրանց անձնակազմերը Թուրքիայից, որտեղ դրանք շահագործվում էին Գերմանիայի նատօյական դաշնակցի՝ Թուրքիայի խնդրանքով՝ երկիրը Սիրիայից և «Իսլամական պետությունից» եկող հավանական վտանգից պաշտպանելու համար: Այս մասին տեղեկացնում է գերմանական Deutche Welle գործակալությունը:
Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ հենց 2016-ի սկզբին է ավարտվում գերմանական կողմի ծառայությունը, որի վերաբերյալ պայմանավորվել էին կողմերը: Դրանից հետո Գերմանիան մտադիր է վերանայել իր մասնակցությունը Թուրքիայում Patriot համակարգեր տեղակայելու ծրագրին, քանի որ այն նախ Գերմանիայի համար ծախսատար է, և հետո ծրագրում ներգրավված են գերմանացի լավագույն մասնագետները, ինչն ազդում է գերմանական բանակի մարտունակության վրա:
Գերմանական կողմի հայտարարությունից շատ չանցած՝ օգոստոսի 16-ին, Թուրքիայից իր համակարգերը դուրս բերելու մտադրության մասին է հայտնել նաև ԱՄՆ-ն: Թուրք-ամերիկյան համատեղ հայտարարության մեջ, որը ներկայացված է Թուրքիայի ԱԳՆ կայքում և Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան կայքում, նշվում է, որ առաջիկա հոկտեմբերին, երբ վերջանա ամերիկյան Patriot-ների՝ Թուրքիայում ծառայության ժամկետը, կողմերն այլևս չեն թարմացնելու (չեն երկարացնելու) համաձայնությունը, և ամերիկյան համակարգերը դուրս են բերվելու Թուրքիայից:
![ԱՄՆ զինված ուժերի Patriot համակարգը և այն շահագործող ամերիկյան ստորաբաժանումը Թուրքիայի հարավային Գազիանթեփ նահանգում](https://razm.info/wp-content/uploads/2015/08/US-Patriot-in-TR-480x300.jpg)
ԱՄՆ զինված ուժերի Patriot համակարգը և այն շահագործող ամերիկյան ստորաբաժանումը Թուրքիայի հարավային Գազիանթեփ նահանգում
Ամերիկյան և գերմանական ստորաբաժանումների դուրսբերումից հետո Թուրքիայում ծառայության մեջ մնալու են միայն Իսպանիայի զինված ուժերի ստորաբաժանումները՝ իրենց Patriot համակարգերով: Սրանք Թուրքիայում տեղակայվել են 2015-ի սկզբին՝ փոխարինելով նիդեռլանդական ստորաբաժանումներին:
Թուրքիայի անվտանգությունն ապահովելու համար նրա նատօյական դաշնակիցները Patriot համակարգերը երկրի հարավային սահմանի մոտ բացազատել էին 2013-ին՝ այն բանից հետո, երբ Թուրքիան դիմել էր ՆԱՏՕ-ին՝ միջին ու մեծ բարձրություններում թիրախներ խոցելու ունակ ՀՕՊ համակարգեր տրամադրելու խնդրանքով:
Նիդեռլանդները 2014-ին հայտարարել էր, որ 2015-ի հունվարին իր ՀՕՊ համակարգերը վերանորոգելու և սպասարկելու նպատակով դուրս է բերելու Թուրքիայի տարածքից, իսկ վերջիններիս փոխարեն սեպտեմբերին առաքելությանը միանալու պատրաստակամություն էր հայտնել Իսպանիան: ԱՄՆ-ն և Գերմանիան իրենց մարտկոցները շարունակում էին պահել Թուրքիայում մինչև հիմա:
Նշենք, որ հենց Թուրքիան Patriot համակարգեր չունի իր սպառազինության մեջ: Դրանք գնելու որոշակի հավանականություն կար այն ժամանակ, երբ թուրքական կողմը ՀՕՊ համակարգերի ձեռքբերման մրցույթ էր հայտարարել, որին մասնակցում էին նաև Patriot-ները: Սակայն թուրքերը նախ մրցույթի հաղթող ճանաչեցին Չինաստանի արտադրած HQ-9 համակարգերը (Ս-300-ի չինական կրկնօրինակ), հետո ՆԱՏՕ-ի ճնշման տակ չեղյալ հայտարարեցին իրենց որոշումը: ՆԱՏՕ-ն իր ճնշումները պատճառաբանում էր նրանով, որ չինական ՀՕՊ համակարգը չի կարող ինտեգրվել Թուրքիայում ներդրված նատօյական ընդհանուր ՀՕՊ համակարգին: Սակայն պարզից պարզ է, որ ՆԱՏՕ-ին ավելի շահավետ կլիներ, որ Թուրքիան գումարը ծախսեր ամերիկյան արտադրության համակարգեր գնելու վրա, ոչ թե չինական:
Հետագայում՝ փետրվարին, Թուրքիան հայտարարեց, որ ընդհանրապես սառեցնում է մրցույթը մինչև ապրիլի 24-ը (2015թ.), որպեսզի տեսնի, թե Հայոց ցեղասպանության 100-ամյակին ինչպիսի արձագանք կլինի ԱՄՆ-ից և Ֆրանսիայից (Թուրքիայի ՀՕՊ համակարգերի մրցույթին մասնակցում էր նաև ֆրանսիական արտադրության Samp/T համակարգը): Ներկայում, սակայն, ՀՕՊ համակարգերի գնման մրցույթի մասին խոսակցությունները դադարել են, և հայտնի չէ, թե թուրքական կողմն ի վերջո ինչ է որոշել:
Ավելացնենք, որ ամերիկյան արտադրության Patriot համակարգերը նախատեսված են միջին ու մեծ բարձրություններում հակաօդային պաշտպանության ապահովման, ինչպես նաև հակառակորդի բալիստիկ հրթիռների ոչնչացման համար։ Արտադրությունը սկսվել է 1976 թվականին, իսկ ԱՄՆ սպառազինության մեջ ընդգրկվել է 1981-ին։ Patriot հրթիռային համակարգեր կան աշխարհի 10-ից ավելի երկրների սպառազինությունում։
Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 16-22 օգոստոսի, 2015 | Ռազմ.info
Pingback: Իսպանիան Patriot-ները կպահի Թուրքիայում, քանի դեռ ՆԱՏՕ-ն հակառակը չի պահանջել | Ռազմ.info
Pingback: Գերմանական Patriot-ները դուրս են բերել Թուրքիայից | Ռազմ.info