«ՀԱՊԿ-ը Սիրիային կարող է օգնել քաղաքական ազդեցությամբ, զենքով, բայց ոչ զինված ուժերով»

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) կարող է Սիրիային օգնել քաղաքական ազդեցությամբ, սպառազինության մատակարարումներով, բայց մտադիր չէ Սիրիա ուղարկել զինված ուժերի ստորաբաժանումներ: Այս մասին հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ անդրադառնալով ՀԱՊԿ նստաշրջանում Վլադիմիր Պուտինի՝ Սիրիային օգնելու համար կոալիցիա ստեղծելու վերաբերյալ խոսքերին:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժա

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժա

Բորդյուժան նշել է, որ Պուտինի խոսքերը եղել են ելույթի ժամանակ [ոչ թե ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահների քննարկումների ժամանակ — Ռազմինֆո], և ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահներն այդ հարցը չեն քննարկել, թեև կա Սիրիային օգնելու անհրաժեշտություն:

Հարցին, թե արդյո՞ք ՀԱՊԿ-ը կարող է Սիրիային զինված ուժերով օգնության հասնել, Բորդյուժան պատասխանել է, որ կազմակերպությունը ներկայանում է որպես իր անդամ պետությունների տարածքում գործող, դրանց անվտանգության համար աշխատող կազմակերպություն, և մտադիր չէ ներկայանալ որպես համաշխարհային խաղացող: Այդ կապակցությամբ ՀԱՊԿ-ը չունի նաև իրավական հիմք՝ իր ստորաբաժանումները այլ պետության տարածքում տեղակայելու համար:

ՀԱՊԿ քարտուղարը նշել է, որ կազմակերպության միակ զինված ստորաբաժանումը, որ կարող է կիրառվել կազմակերպության անդամ պետությունների սահմաններից դուրս, հավաքական խաղաղապահ ուժերի ստորաբաժանումն է (մոտ 3500 զինծառայող), սակայն այն այլ պետության տարածքում կիրառելու թույլտվություն պիտի տա ՄԱԿ անվտանգության խորհուրդը:

«Արդեն երկար տարիներ ՄԱԿ համապատասխան ստորաբաժանումների հետ ինտենսիվ աշխատելով՝ մենք նշում ենք մեր տարածքներից դուրս, մասնավորապես Աֆրիկայում, Ասիայում և որտեղ պետք է, մեր խաղաղապահների կիրառման հնարավորության մասին, — նշել է ՀԱՊԿ քարտուղարը, — Ձեռքս սրտիս դնելով կասեմ, որ այլ հարց է, որ մենք առանձնապես ակտիվ չենք, որովհետև օրինակ ես կարծում եմ, որ մենք չպետք է մեր զինվորներին ուղարկենք Աֆրիկայում ինչ-որ տեղ երկու հակամարտող կողմերի միջև կենդանի պատ դառնալու: Այնտեղ կան սեփական խաղաղապահ ստորաբաժանումներ, Աֆրիկյան միությանը, ես կարծում եմ՝ նրանց համար այնտեղ ավելի հեշտ է, քան մեր ռուսաստանցի կամ ղազախստանցի կամ տաջիկստանցի տղաների համար»:

Ցանկացած դեպքում ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը գործում են, դրանց կազմում են նաև օրինապահ մարմինների ներկայացուցիչներ, այդ ստորաբաժանումները պարբերաբար մարտական պատրաստության մարզումներ են անցնում, իսկ հաջորդ շաբաթ այս ուժերը մասնակցելու են Հայաստանում անցկացվող զորավարժությանը, ինչպես նշել է Բորդյուժան:

Նշենք, որ ՀՀ տարածքում նախատեսվում է անցկացնել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի «Անքակտելի եղբայրություն-2015» զորավարժությունը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը: Զորավարժության մտահղացման նախագիծը և գործնական դրվագները համաձայնեցնելու, զորավարժության մասնակիցների թվաքանակը և բազմակողմ ապահովման հարցերը ճշտելու համար հունիսի սկզբին ՀԱՊԿ միացյալ շտաբի և անդամ պետությունների ներկայացուցիչների հետ բանակցություններ են անցկացվել Հայաստանում:

Ավելացնենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ռազմաքաղաքական միջազգային կազմակերպություն է, որի կազմում են՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը ու Տաջիկստանը: Կազմակերպության նպատակն անդամ երկրների անվտանգությունը հավաքական միջոցներով ապահովելն է:

Մասնակից երկրներից յուրաքանչյուրի վրա հարձակումը համարվում է հարձակում կազմակերպության անդամ բոլոր երկրների վրա: Դրանից ելնելով՝ ՀԱՊԿ անդամներից մեկի վրա հարձակման դեպքում մյուս անդամները պարտավոր են անհրաժեշտ՝ այդ թվում և ռազմական օգնություն տրամադրել հարձակման ենթարկվող երկրին, եթե ագրեսիայի ենթարկված պետությունը նման խնդրանքով դիմում է ՀԱՊԿ-ին:

ՀԱՊԿ կազմում ներկայում գործում են ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը և ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը:

Սեպտեմբերի 15-ին Տաջիկստանում անցկացված ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ժամանակ կազմակերպության նախագահությունը մեկ տարով անցել է Հայաստանին: Իր ելույթում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է այդ ժամանակաշրջանի համար կազմակերպության առաջնահերությունները, որոնց մեջ մտնում են Հայաստանում անցկացվելիք զորավարժությունները, տարածաշրջանային միացյալ ուժերի ստեղծումն ու Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահների պատրաստման կենտրոն հիմնելու հնարավորությունը:

2 responses to “«ՀԱՊԿ-ը Սիրիային կարող է օգնել քաղաքական ազդեցությամբ, զենքով, բայց ոչ զինված ուժերով»

  1. Pingback: ՀԱՊԿ-ը պատրաստ է իր խաղաղապահներին ուղարկել այլ երկրներում առաքելությունների | Ռազմ.info

  2. Pingback: ՄԱԿ-ում ներկայացվել են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *