ՀԱՊԿ նիստում ՀՀ նախագահը խոսել է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մասին

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում անցկացվել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մասնակցել է հայաստանյան պատվիրակությունը։ Դուշանբեում Հայաստանը Տաջիկստանից ստացել է ՀԱՊԿ-ում նախագահության հերթափոխը։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը։

ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահներն ու Կազմակերպության գլխավոր քարտուղարը

ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահներն ու Կազմակերպության գլխավոր քարտուղարը

Նշվում է, որ բանակցություններն ընթացել են նախ նեղ կազմով՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահների և Կազմակերպության գլխավոր քարտուղարի մասնակցությամբ: Այնուհետև ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները նիստը շարունակել են ընդլայնված ձևաչափով՝ պատվիրակությունների անդամների մասնակցությամբ, որտեղ ՀՀ նախագահն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով լարվածության բարձրացմանը։

Ես տեղեկացրեցի ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի մասին՝ ուշադրությունը սևեռելով հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության էական բարձրացման վրա: Այս հարցի վրա կրկին կանգ չեմ առնի և միայն կնշեմ, որ իրավիճակը սրելու ադրբեջանական կողմի փորձերը, միջազգային հանրության համապատասխան արձագանքի բացակայության պայմաններում, հղի են ամբողջ տարածաշրջանում իրավիճակի անկայունացմամբ:

Լիագումար նիստի ընթացքում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների «Հայտարարությունը», որտեղ նշված են ՀԱՊԿ ձևաչափով փոխգործակցության բոլոր հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների գնահատականները:

«Հայտարարության» տեքստում մասնավորապես նշված է.

«ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները ակտիվորեն աջակցում են սպառազինությունների մրցավազքի կանխարգելմանը։ Կարծում ենք, որ առանձին կամ մի խումբ պետությունների կողմից հակահրթիռային պաշտպանության համակարգի միակողմանի և անսահման ընդլայնումը վնաս կհասցնի միջազգային անվտանգությանն ու կապակայունացնի աշխարհում իրավիճակը»։

«ՀԱՊԿ անդամ պետություններն ակտիվորեն քննարկում են Կազմակերպության պոտենցիալը՝ ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղապահ առաքելությունների իրականացնելու համար»։

«Հայտարարության» տեքստին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։

Ձախից աջ՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը

Ձախից աջ՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը

Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ավարտից հետո Սերժ Սարգսյանը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հանդիպել են լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, ամփոփել նստաշրջանի արդյունքները:
Ասուլիսի ժամանակ Սերժ Սարգսյանը նշել է, որ քննարկվել են դեկտեմբերյան նստաշրջանի որոշումների կատարումը և գալիք տարվա ծրագրերը: «Ընդհանուր առմամբ, մենք բավարարված ենք ՀԱՊԿ-ի զարգացման ընթացքով: Ակտիվ աշխատանք է տարվում Կազմակերպության ուժային բաղկացուցչի ներուժի բարձրացման ուղղությամբ»,—հայտնել է նախագահ Սարգսյանը։

ՀՀ նախագահը խոսել է նաև ստորագրված փաստաթղթերի մասին, նշելով՝

«Նստաշրջանի արդյունքներով որոշում է ընդունվել ՀԱՊԿ հավաքական ավիացիոն ուժերի՝ Կազմակերպության ուժային բաղկացուցչի կարևորագույն տարրի վերաբերյալ: Համաձայնագիր է ստորագրվել ռազմական և այլ կազմավորումների, դրանց շարժական գույքի, ինչպես նաև ռազմական նշանակության արտադրանքի փոխադրման ոլորտում համագործակցության մասին: Որոշվել է երկարացնել Համաձայնագրի գործողության ժամկետը, որը կանոնակարգում է ՀԱՊԿ անդամ պետությունների երկաթուղային ճանապարհների տեխնիկական ապահովության հարցերը»։

Անդրադառնալով մայիսին անցկացված ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի մարտական պատրաստվածության հանկարծակի ստուգմանը՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ միջոցառմանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների արագ արձագանքման հավաքական ուժերի ամբողջ համակազմը՝ ավելի քան 2,5 հազար զինծառայող, անդամ պետությունների օպերատիվ խմբերը և ՀԱՊԿ Միացյալ շտաբը:

«Արագ [օպերատիվ] արձագանքման հավաքական ուժերն ի զորու են ըստ իրենց նշանակության արագ արձագանքել ՀԱՊԿ պատասխանատվության տարածաշրջանում մարտահրավերներին ու սպառնալիքներին և պատրաստ են ետ մղել զինված հարձակումը, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամ առանձին պետությունների դեմ ուղղված ագրեսիան»,— հայտարարել է ՀՀ նախագահը։

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը, նիստի ընթացքում որոշում է կայացվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և Միացյալ շտաբի ղեկավարի վերաբերյալ, Կազմակերպության գործունեության այլ կազմակերպչական և վարչարարական-ֆինանսական հարցերով, հաստատվել է գալիք տարվա բյուջեն:

Հայաստանի և Տաջիկստանի նախագահներն ու Կազմակերպության գլխավոր քարտուղարը

Հայաստանի և Տաջիկստանի նախագահներն ու Կազմակերպության գլխավոր քարտուղարն ասուլիսի ժամանակ

Ասուլիսի ընթացքում Սերժ Սարգսյանը ներկայացրել է նաև առաջիկա տարում Հայաստանի նախագահության առաջնայնությունները՝

  • ՀԱՊԿ հավաքական ներուժի մեծացում՝ Կազմակերպության օրենսդրության և ժառանգորդության սկզբունքի հիման վրա:
  • ՀԱՊԿ գործունեության հայեցակարգային հիմքերի և ճգնաժամային արձագանքման համակարգի հետագա զարգացում:
  •  ՀԱՊԿ գործունեության արդյունավետության բարձրացման ինստիտուցիոնալ ասպեկտները, այդ թվում՝ արտաքին քաղաքականության համակարգման կատարելագործման և այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության զարգացման հարցերը:
  • ՀԱՊԿ ուժերի ու միջոցների կառավարման համակարգի հետագա կատարելագործում, խաղաղապահ ներուժի մեծացում, ռազմատեխնիկական և ռազմատնտեսական համագործակցության խորացում, տարանցման և տեղափոխման լոգիստիկ բաղկացուցչի օպտիմալացում:

«Մենք մտադիր ենք կենտրոնանալ միջազգային ահաբեկչությանը և ծայրահեղականությանը, նեոֆաշիզմի, շովինիզմի և այլատյացության այլ ձևերի դրսևորումներին համատեղ հակազդման հարցերի վրա: Այս համատեքստում կարևոր նշանակություն ենք տալիս նաև կիբերանվտանգության ոլորտում համատեղ ուժերի ակտիվացմանը», — տեղեկացրել է նախագահ Սարգսյանը։

Ասուլիսի ժամանակ

Ասուլիսի ժամանակ