Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, սեպտեմբերի 23

Թուրքիայի քրդաբնակ շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և Թուրքիայի ուժայինների միջև բախումներում այսօր՝ սեպտեմբերի 23-ին՝ 17:50-ի դրությամբ, սպանվել է 2 ուժային և 4 քաղաքացիական, վիրավորվել է 1 ուժային, 6 քաղաքացիական անձ, ուժայիններին է հանձնվել PKK-ի 3 զինյալ: Ռազմինֆոն հետևում է իրադարձություններին և թարմացնում օրվա լրահոսը։


Միլիեթ․ Թուրքիայի Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջանում բախում է եղել PKK-ի զինյալների և սահմանապահ ուժերի միջև։

Միլիեթ․ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր վերջին հարցազրույցի ընթացքում պնդել է, որ անվտանգության ուժերի՝ PKK-ի դեմ հուլիս 22-ից սկսված հատուկ գործողությունների արդյունքում շուրջ 2000 զինյալ է սպանվել։ Սա թերևս ճոխացված թիվ է, որի նպատակն է ցույց տալ սեփական ժողովրդին, որ ուժայինների բազմաթիվ կորուստներն արդարացված են:

Իհլաս․ Թուրքիայի Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջանում՝ դեպի Յուքսեքովա տանող ճանապարհին, փոխհրաձգություն է եղել PKK-ի զինյալների և թուրք ժանդարմների միջև։

Հյուրիեթ․ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 22-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ինքը 30 տարի ձգվող քրդական ապստամբություններին վերջ դնող գործընթաց է սկսել։

PKK-ն աջակցություն է ստացել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) կողմից, ասել է Թուրքիայի նախագահը:


Աքշամ․ Թուրքիայի Մարդին նահանգի Օմերլի շրջանում PKK-ի զինյալների զինված հարձակման հետևանքով մեկ քաղաքացիական է սպանվել։

Դողան․ Թուրքիայի Շրնաք նահանգի Ուլուդերե շրջանում անվտանգության ուժերի` PKK-ի զինյալների դեմ հատուկ գործողության արդյունքում ոչնչացվել է մեկ թաքստոց, առգրավվել են մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր։

Դողան․ Թուրքիայի Մարդին նահանգի Քըզըլթեփե շրջանում անհայտ անձանց կազմակերպած զինված հարձակման հետևանքով մեկ քաղաքացիական է սպանվել։

Քըզըլթեփեում զինված հարձակման հետևանքով մեկ քաղաքացիական է սպանվել․ աղբյուրը՝ Դողան լրատվական գործակալության

Քըզըլթեփեում զինված հարձակման հետևանքով մեկ քաղաքացիական է սպանվել․ աղբյուրը՝ Դողան լրատվական գործակալության


Աքշամ․ Սեպտեմբերի 12-ին Թուրքիայի Շրնաք նահանգի Ջիզրե քաղաքում PKK-ի զինյալների հարձակման հետևանքով ծանր վիրավորված ոստիկանը մահացել է։

Միլիեթ․ Թուրքիայի Մարդին նահանգի Դերիք շրջանում անհայտ անձանց զինված հարձակման արդյունքում սպանվել է 2 և վիրավորվել է 3 քաղաքացիական։

Իհլաս․ Թուրքիայում PKK-ի զինյալները, փակելով Թունջելի-Էրզինջան ճանապարհը, կրակել են քաղաքացիական մեքենայի վրա։ Արդյունքում վիրավորվել է մեկ մարդ։

Դողան․ Թուրքիայի անվտանգության ուժերն Իրաքի հյուսիսային Հաքուրք շրջանում PKK-ի դեմ հատուկ գործողության արդյունքում առգրավել են զինյալներին պատկանող հրազեն, ինչպես նաև քանդել են նրանց կարևոր հենակետերից մեկը։

Դողան․ Թուրքիայի Շրնաք նահանգի Ջիզրե շրջանից 200 զինվորական մեքենայից բաղկացած շարասյուն է շարժվել նահանգի Իդիլ շրջան։ Շարասյունն ուղեկցող անվտանգության ուժերը, ինչպես նաև օդային անվտանգությունը հսկող ռազմական ուղղաթիռը խիստ վերահսկողության տակ են վերցրել նահանգի կենտրոնական ճանապարհները։

Միլիյեթ․ Թուրքիայի ժամանակավոր կառավարության քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) անդամ նախարարների՝ Ալի Հայդար Քոնջանի և Մուսլիմ Դողանի հրաժարականից հետո գործող վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Թուրքիայի ԵՄ հարցերով, ինչպես նաև երկրի զարգացման հարցերով  նախարարների թափուր պաշտոններում նշանակել է անկուսակցական պատգամավորներ Բերիլ Դեդեօղլուին և Ջունեյդ Դյուզյոլին։

Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Սիիրթ նահանգի Շիրվան և Էրուհ գավառներում PKK-ի 2 զինյալ զենքերով հանձնվել են ուժայիններին։ Եվս 1 զինյալ ուժայիններին է հանձնվել հարավարևելյան Հաքքարի նահանգում։

Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Սիլվան գավառում PKK-ի զինյալները կրակել են ժանդարմերիայի գնդի հրամանատարության զինծառայող, սերժանտ Մեհմեդ Ալի Սորաքի վրա։ Վերջինս մահացել է հիվանդանոցում։ PKK-ի զինյալներին հայտնաբերելու համար ձեռնարկվել են հատուկ գործողություններ։

Անադոլու․ Թուրքիայի արևելյան Աղրը նահանգում (սահմանակից է Հայաստանին) անվտանգության ուժերը ձերբակալել են PKK-ի 2 զինյալ։ Նրանց մոտ հայտնաբերվել և առգրավվել են 2 միավոր «Կալաշնիկովի» ինքնաձիգ՝ 6 պահունակով, ու 1 միավոր ինքնաշեն պայթուցիկ սարք ։

Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում անվտանգության ուժերը որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել և առգրավել են 43 միավոր պայթուցիկ շիշ՝ «Մոլոտովի կոկտեյլ», ինչին հաջորդել են դրանց տերերին ձերբակալելու նպատակով սկսված հատուկ գործողությունները։

Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի համանուն քաղաքի կենտրոնում PKK-ի զինյալները փորձել են 500կգ պայթուցիկով բեռնավորված մեքենա պայթեցնել, ինչը չի վրիպել  ուժայինների ուշադրությունից։ Վերջիններս զինյալների մտադրությունը ձախողելու նպատակով շրջակայքում անվտանգության միջոցառումներ իրականացնելուց  հետո պայթեցնելով վնասազերծել են մեքենան։ PKK-ի զինյալներին հայտնաբերելու համար ձեռնարկվել են հատուկ գործողություններ։

Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Բաթման նահանգի համանուն քաղաքի Քյուլթյուր թաղամասի փողոցներից մեկում PKK-ի զինյալները պայթուցիկներ են նետել։ Արդյունքում վիրավորվել և հոսպիտալացվել են փողոցով անցնող 2 քաղաքացի։ Դեպքի վայր են ժամանել հատուկ նշանակության ջոկատներ և ոստիկաններ։ PKK-ի զինյալներին ձերբակալելու համար ձեռնարկվել են հատուկ գործողություններ։

Դողան․ Թուրքիայի հյուսիսարևելյան Թունջելի նահանգի Օվաջք գավառում PKK-ի զինյալները 2 նռնակ են նետել գավառի դատարանի շենքի վրա։ Դատարանի անվտանգությունը ապահովող ուժայինները պատասխան կրակել են բացել։ Զոհեր և վիրավորներ չկան։ PKK-ի զինյալներին ձերբակալելու համար ձեռնարկվել են հատուկ գործողություններ։

Հյուրիյեթ․ Թուրքիայի հարավարևելյան Բիթլիս նահանգի Խիզան գավառում PKK-ի զինյալները հարձակվել են ժանդարմերիայի հրամանատարության և անվտանգության ծառայության շենքերի վրա։ Սկսված փոխհրաձգության արդյունքում վիրավորվել է 1 ուժային։ PKK-ի զինյալներին ձերբակալելու համար նահանգում ձեռնարկվել են հատուկ գործողություններ։

Դողան․ Թուրքիայի արևելյան Էլազիգ նահանգի Քարաքոչան գավառում PKK-ի զինյալները նռնականետերով հարձակվել են անվտանգության ծառայության աշխատակիցների վրա։ Ուժայինների պատասխան կրակից հետո PKK-ի զինյալները փախել են։ Նրանց ձերբակալելու համար ձեռնարկվել են հատուկ գործողություններ։

 

Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին շաբաթների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։

Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:

One response to “Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, սեպտեմբերի 23

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 20-26 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *