ՀԱՊԿ-ը պատրաստ է իր խաղաղապահներին ուղարկել այլ երկրներում առաքելությունների

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստ է ՄԱԿ Անվտանգության խորհրդի մանդատով իր խաղաղապահներին ուղարկել կազմակերպության երկրներից բացի այլ երկրներ՝ խաղաղապահ առաքելություն իրականացնելու: Այս մասին հոկտեմբերի 28-ին ՀԱՊԿ-ԿԽՄԿ (Կարմիր խաչ) հանդիպում-քննարկումից հետո լրագրողներին տեղեկացրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, հայտնում է ՀԱՊԿ կայքը:

Հայաստանյան խաղաղապահ զորախումբը ՀԱՊԿ-ում

Հայաստանյան խաղաղապահ զորախումբը ՀԱՊԿ-ում

Պաշտոնյայի խոսքով՝ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը խաղաղապահ առաքելությունների ուղարկելու համար անհրաժեշտ են ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի կամ ՄԱԿ անվտանգության խորհրդի համապատասխան որոշումները: Ըստ Սեմերիկովի՝ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը բազմիցս զորավարժություններ են անցկացրել և կարող են մասնակցել նմանատիպ առաքելությունների:

Ավելի վաղ այս թեմայով խոսել էր նաև կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Սեպտեմբերին անցկացված հարցազրույցի ժամանակ Բորդյուժան հայտնել էր, որ կազմակերպության միակ զինված ստորաբաժանումը, որ կարող է կիրառվել կազմակերպության անդամ պետությունների սահմաններից դուրս, հավաքական խաղաղապահ ուժերի ստորաբաժանումն է (մոտ 3500 զինծառայող), սակայն այն այլ պետության տարածքում կիրառելու թույլտվություն պիտի տա ՄԱԿ անվտանգության խորհուրդը:

«Արդեն երկար տարիներ ՄԱԿ համապատասխան ստորաբաժանումների հետ ինտենսիվ աշխատելով՝ մենք նշում ենք մեր տարածքներից դուրս, մասնավորապես Աֆրիկայում, Ասիայում և որտեղ պետք է, մեր խաղաղապահների կիրառման հնարավորության մասին, — նշել է ՀԱՊԿ քարտուղարը, — Ձեռքս սրտիս դնելով կասեմ, որ այլ հարց է, որ մենք առանձնապես ակտիվ չենք, որովհետև օրինակ ես կարծում եմ, որ մենք չպետք է մեր զինվորներին ուղարկենք Աֆրիկայում ինչ-որ տեղ երկու հակամարտող կողմերի միջև կենդանի պատ դառնալու: Այնտեղ կան սեփական խաղաղապահ ստորաբաժանումներ, Աֆրիկյան միությանը, ես կարծում եմ՝ նրանց համար այնտեղ ավելի հեշտ է, քան մեր ռուսաստանցի կամ ղազախստանցի կամ տաջիկստանցի տղաների համար»:

Ավելացնենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ռազմաքաղաքական միջազգային կազմակերպություն է, որի կազմում են՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը ու Տաջիկստանը: Կազմակերպության նպատակն անդամ երկրների անվտանգությունը հավաքական միջոցներով ապահովելն է:

ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը կազմված են ՀԱՊԿ անդամ 6 պետությունների զինված ուժերի ստորաբաժանումներից, ունեն ընդհանուր մոտ 3500 զինծառայող: Բացի հավաքական խաղաղապահ ուժերից, ՀԱՊԿ կազմում գործում են նաև օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը, որոնք ՀԱՊԿ տարածքից դուրս կիրառվելու մանդատ չունեն: Ներկայում ընթացքի մեջ է նաև ՀԱՊԿ հավաքական ավիացիոն ուժերի ստեղծման գործընթացը, որի նպատակն է հեշտացնել ՀԱՊԿ հավաքական ուժերի տեղափոխումները, սպառազինությունների մատակարարումը և այլն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *