Թուրքական իշխանամետ «Յենի Շաֆաք» օրաթերթի կայքում հունիսի 28-ին տպագրված հոդվածում նշվում է, որ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը նախապատրաստվում է 18000-անոց զորքով մտնել Սիրիա՝ Թուրքիայի հյուսիսային շրջանների անվտանգությունն ապահովելու համար։
Նշվում է, որ որոշումը կայացվել է Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության, ԶՈւ գլխավոր շտաբի և կառավարության համատեղ քննարկումներից ու ժողովներից հետո։ Համաձայն օրաթերթի տվյալների՝ մինչև շաբաթվա վերջ ազգային հետախուզական կազմակերպությունը և ԶՈւ գլխավոր շտաբը պետք է կազմեն գործողությունների պլանը։
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն արդեն իսկ երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին տվել է գործողությունների նախապատրաստվելու գրավոր հրամանը։ Ըստ հաղորդվող տեղեկության՝ Թուրքիան նախատեսում է Սիրիայի հետ սահմանի որոշ կետերում 28-ից 33 կմ խորությամբ ներթափանցել Սիրիայի տարածք՝ այդ տեղերում ստեղծելով անվտանգության բուֆերային գոտիներ։
18 հազար զինծառայող պետք է ներխուժի Սիրիայի տարածք հիմնականում երկու կետից՝ Քարքամըշի և Օնջուփընարից, որոնք Սիրիայի Ջարաբլուս քաղաքի և Հալեպի նահանգի հյուսիսում են։ Թուրքական ուժերը պետք է իրենց հսկողության տակ վերցնեն Սիրիայի՝ Թուրքիայի սահմանամերձ այն շրջանները, որոնք ներկայումս գտնվում են «Իսլամական պետություն» խմբավորման, ինչպես նաև Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադին հավատարիմ կառավարական զորքերի հսկողության ներքո։
ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի աջակցությունից կախված՝ թուրքական կողմը, ըստ թուրքական լրատվամիջոցի, կարող է գործել երկու տարբերակով:
Ծրագիր 1
Թուրքիայի զինված ուժերը կարող են օգնություն ստանալ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերից, որոնք ավիահարվածներ են հասցնում ահաբեկչական խմբավորումների դիրքերին։ Եթե այս ծրագիրը հաջողվի, ապա Թուրքիան նախատեսում է իր ստորաբաժանումները սիրիական տարածքներում պահել շուրջ 2 տարի։
Ծրագիր 2 ” «Լիբանանյան մոդել»
Եթե ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի օժանդակությունը չհաջողվի ստանալ, ապա Թուրքիան կարող է օգտագործել լիբանանյան մոդելը, երբ Իսրայելն իր անվտանգությունն ապահովելու համար այդ երկրի իրեն սահմանակից մի շարք շրջաններ, որոնք գտնվում էին «Հզբոլլահի» հսկողության տակ՝ միակողմանիորեն հայտարարարեց անվտանգության գոտի։ Սակայն այս դեպքում Թուրքիան իր զորքերը կարող է ավելի կարճ ժամանակով պահել Սիրիայի տարածքում, ինչը, սակայն, չի խանգարի լայնածավալ գործունեություն ծավալել և հնարավորության դեպքում օժանդակել խմբավորումների գործունեությանը։
Հիշեցնենք, որ հունիսի 25-ից 27-ը տևած կռիվների ընթացքում քրդական «Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատի» (YPG) մարտիկները սպանել են ԻՊ 60 զինյալի, իսկ հունիսի 27-ին կարողացել են «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման վերահսկողությունից ամբողջությամբ ազատել Սիրիայի հյուսիսում տեղեկայված, հիմնականում քրդաբնակ Քոբանի քաղաքը:
Նշենք նաև, որ Թուրքիան մշտապես անհանգստացել է Սիրիայի տարածքում քրդական ուժերի ակտիվացումից՝ համարելով, որ քրդերի ակտիվացումը կարող է իր ազդեցությունն ունենալ Թուրքիայում ապրող միլիոնավոր քրդերի վրա։ Թուրքիայի ղեկավարները մշտապես հայտարարել են, որ քրդական YPG-ն Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) թև է։
Մասնավորապես Քոբանի և Թել Աբյադ քաղաքներում քրդերի գրանցած հաջողություններից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ չի կարելի թույլ տալ Սիրիայի տարածքում քրդական պետության ստեղծումը։Այժմ կարելի է ենթադրել, որ Թուրքիան անհանգստացած է քրդական ուժերի հաջողություններից և ցանկանում է իր հսկողության տակ վերցնել թուրք-սիրիական սահմանի կարևորագույն կետերը՝ փորձելով կասեցնել քրդական ուժերի հաջողությունները։
Pingback: Թուրքիան զրահատեխնիկա է կուտակում Սիրիայի հետ սահմանին | Ռազմ.info
Pingback: Մոսկվան օգնություն է խոստացել Սիրիային. Սիրիայի ԱԳՆ | Ռազմ.info
Pingback: Միջազգային հանրությունը պետք է ամաչի Սիրիայում տիրող իրավիճակի համար. Բան Կի-մուն | Ռազմ.info
Pingback: Թուրքիան շարունակում է նախապատրաստվել Սիրիա հնարավոր ներխուժմանը | Ռազմ.info
Pingback: Սիրիական բանակը լուրջ հարվածներ է հասցրել ապստամբներին Հալեպի մոտակայքում | Ռազմ.info
Pingback: ԱՄՆ-ն կողմ չէ, որ Թուրքիան ներխուժի Սիրիա․ ԱՄՆ պետդեպարտամենտ | Ռազմ.info
Pingback: Թուրքիայի ԶՈւ ղեկավարությունը քննարկում է Սիրիա ներխուժելու նպատակահարմարությունը. «Հյուրիեթ» | Ռազմ.info