Սիրիայի կառավարական ուժերը հուլիսի 2 և 3-ին օդային ծանր հարվածներ են հասցրել ապստամբների՝ Հալեպի մոտակայքում տեղակայված դիրքերին: Գործողության նպատակը Ասադի դեմ կռվող տարբեր խմբավորումների՝ Հալեպը գրավելու ծրագրերի կանխարգելումն էր:
Հալեպը գրավելու և «իսլամական ճշմարիտ օրենքներով» կառավարելու ծրագրեր մասնավորապես ունեին «ալ Քայիդայի» սիրիական մասնաճյուղ «Նուսրայի ճակատ» և «Ահրար ալ Շամի» խմբավորումները: Այս մասին հայտնում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը:
Կառավարական ուժերը ավիահարվածներ են հասցրել նաև Հալեպի Ազեզ ավանում, որտեղ վերջին շրջանում մարտեր էին ընթանում ԻՊ-ի զինյալների և արաբական ընդդիմադիր ուժերի մարտիկների միջև։ Զինյալների շրջանում կորուստների մասին դեռևս տեղեկություններ չկան:
Հուլիսի 2-ին Սիրիայում ավիահարվածներ է հասցրել նաև ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան: ԻՊ դիրքերին հարվածների արդյունքում սպանվել է Թարիք բին Թահար ալ-Ավնի ալ-Հարզին, ով զբաղվում էր կազմակերպության համար ֆինանսական միջոցների հայթայթմամբ: Պենտագոնի մամուլի խոսնակ, կապիտան Ջեֆֆ Դավիսի կարծիքով, վերջինիս չեզոքացումը բավականին կդժվարացնի ԻՊ-ի հետագա գործողությունները:
Հիշեցնենք, որ հունիսի 25-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները նոր հարձակումներ էին սկսել Սիրիայի՝ Թուրքիայի սահմանամերձ Քոբանի և Հասակա քաղաքների վրա, որոնցից առաջինը քրդերի վերահսկողության տակ է, երկրորդը՝ Ասադի կառավարական ուժերի:
Հավելենք, որ ստեղծված ծանր իրավիճակից օգտվել է փորձում նաև Թուրքիան, որը ինչպես նշվում էր իշխանամետ «Յենի Շաֆաք» օրաթերթի կայքում, նախապատրաստվում է 18000-անոց զորքով մտնել Սիրիա՝ Թուրքիայի հյուսիսային շրջանների անվտանգությունն ապահովելու համար։
Հիշեցնենք, որ 2011-ի գարնանից Սիրիայում քաղաքացիական պատերազմ է ընթանում, որին զուգընթաց լուրջ խնդիր է դարձել նաև ահաբեկչությունն ու հակաահաբեկչական պայքարի կազմակերպումը, մասնավորապես՝ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելը: Ներկայում Սիրիայի տարածքի հսկայական հատվածը «Իսլամական պետության» և այլ զինված խմբավորումների վերահսկողության տակ է:
Pingback: Սիրիակական օդուժը կասեցրել է Հալեպում զինյալների առաջխաղացումը | Ռազմ.info