Օգոստոսի 4-ին, նախքան Հալեպի հարավում ահաբեկչական խմբավորումների գրոհի սկսվելը, Սիրայի կառավարական օդուժը դաշնակից ուժերի հետ համատեղ ավիահարվածներ են հասցրել խմբավորումների դիրքերին, զոհվել է 15 ահաբեկիչ, կան տասնյակ վիրավորներ:
Այս մասին հայտնում է ռուսաստանյան Ռիա Նովոստի գործակալությունը` փոխանցելով «Ալ-Մայադին» հեռուստաալիքից ստացած տեղեկությունը:
Այսօր՝ օգոստոսի 5-ին, արաբական «ալ-Ջազիրա» հեռուստաալիքի կայքը հայտնել է, որ Սիրիայի կառավարական ուժերը Հալեպի հարավ-արևմուտքում զինյալներից մի քանի բլուր և որոշակի կարևոր դիրքեր են կարողացել ազատագրել:
Օդային հարվածները հասցվել են Խան-Թումանի բնակավայրում կուտակված ահաբեկիչների դիրքերին: Ավելի վաղ Հալեպի աշխարհազորայինները հայտնել են, որ ահաբեկիչները ենթարկվել են զանգվածային գնդակոծության Համադան թաղամասում (Խան-Թումանից 12 կմ հեռու): Զոհվել է 3 քաղաքացի, վիրավորվել` 20-ը:
Հալեպի հարավային թաղամասերում շրջափակված են ահաբեկիչների զգալի ուժեր: 15 զինված խմբավորումների միավորումը (ավելի քան հինգ հազար մարտիկ) վերջին հինգ օրերին փորձում ճեղքել Հալեպի հարավում կառավարական ուժերի շրջափակումը:
Վերջին օրերին սիրիական բանակը` ավիացիայի և հրետանու օգնությամբ, Հալեպի հարավում կարողացել է հետ մղել ահաբեկիչների երկու խոշոր հարձակումներ, որի արդյունքում սպանվել է ավելի քան 800 ահաբեկիչ:
Հավելենք, որ օգոստոսի 2-ին սիրիական օդային ուժերը և ռուսաստանյան ավիատեզերային ուժերը համատեղ հարվածներ են հասցրել ահաբեկչական խմբավորումների դիրքերին, երբ «Ջեյշ ալ-Ֆաթհ» Իսլամական կոալիցիան փորձել է կոտրել արևելյան Հալեպի շրջափակումը:
Հալեպը գրավելու և «իսլամական ճշմարիտ օրենքներով» կառավարելու ծրագրեր մասնավորապես ունեին «Ալ Կաիդայի» սիրիական մասնաճյուղ «Նուսրայի ճակատ» և «Ահրար ալ Շամի» խմբավորումները:
Ավելացնենք, որ 2012 թ. օգոստոսից Հալեպը բաժանված է երկու մասի` արևմտյան շրջանը պաշտպանում է սիրիական բանակը, իսկ արևելյան շրջանը գտնվում է երկու տասնյակ զինված խմբավորումների վերահսկողության տակ:
Հոդվածի հեղինակ՝ Զեմֆիրա Եգանյան
Pingback: Զինյալները փորձել են ճեղքել Հալեպի շրջափակումը | Ռազմ.info
Pingback: Հալեպում շարունակվում են զինյալների և կառավարական ուժերի բախումները. ՌԴ ՊՆ | Ռազմ.info