Միջազգային հանրությունը պետք է ամաչի Սիրիայում տիրող իրավիճակի համար. Բան Կի-մուն

«Սիրիայում 2011-ից մինչ օրս զոհվել է ավելի քան 200 հազար սիրիացի, միլիոնից ավելի մարդ էլ ստիպված է եղել հեռանալ սեփական տներից: Խաղաղ բնակիչները առերեսվել են հումանիտար իրավունքի սարսափելի խախտումների: Հազարվոր մարկանց ենթարկել են երկարատև խոշտանգումների ու սահմանափակել նրանց տեղաշարժվելու հնարավորությունները: Նման անմարդկային երևույթները չեն կարող անպատիժ մնալ»,-Ժնևի կոմյունիկեից 3 տարի անց՝ հունիսի 30-ին, այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, հայտնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը:

Թուրքիայի` Սիրիային սահմանակից Աքչաքալե գավառի սահմանը հատել փորձող սիրիացիները. 13.06.2015

Թուրքիայի` Սիրիային սահմանակից Աքչաքալե գավառի սահմանը հատել փորձող սիրիացիները. 13.06.2015

«Միջազգային հանրությունը պետք է ամաչի Սիրիայում տիրող իրավիճակի համար, քանի որ Ժնևի կոմյունիկեից 3 տարի անց մարդիկ շարուկակում են տառապել ու զոհվել: Սիրիայի տարածքի մեծ մասն այսօր վերահսկում են մի շարք ահաբեկչական խմբավորումներ, ինչպիսին են «Իսլամական պետությունը», «Ջաբհաթ ալ Նուսրա», «Ջայշ ալ Իսլամը» և այլն»:

Ժնևի կոմյունիկեն ստորագրվել է 2012-ի հունիսի 30-ին՝ սիրիական խնդրի շուրջ առաջին միջազգային համաժողովից հետո: Այս փաստաթուղթը սահամնում էր այն անհրաժեշտ քայլերը, որոնցով պետք է հաղթահարվեր ճգնաժամը և վերջ դրվեր բռնություններին: Բացի այդ, այս կոմյունիկեով նախատեսվում էր ստեղծել միջանկյալ կառավարություն՝ օժտված գործադիր մարմնի բոլոր իրավունքներով, որը կազմվելու էր ներկայիս կառավարության և ապստամբական կողմի ներկայացուցիչներից:

Հիշեցնենք, որ 2011-ի գարնանից Սիրիայում քաղաքացիական պատերազմ է ընթանում, որին զուգընթաց լուրջ խնդիր է դարձել նաև ահաբեկչությունն ու հակաահաբեկչական պայքարի կազմակերպումը, մասնավորապես՝ «Իսլամական պետություն» խմբավորման դեմն առնելը: Ներկայում Սիրիայի տարածքի հսկայական հատվածը «Իսլամական պետության» և այլ զինված խմբավորումների վերահսկողության տակ է: Մյուս կողմից վտանգ կա, որ «սեփական տարածքի անվտանգությունն ապահովելու համար» Թուրքիայի բանակը կարող է ներխուժել Սիրիայի հյուսիսային շրջաններ և այնտեղ հաստատել անվտանգության գոտի: Ներկայում թուրքական զրահատեխնիկան արդեն մոտեցել է Սիրիայի սահմաններին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *