Թուրքիան շարունակում է նախապատրաստվել Սիրիա հնարավոր ներխուժմանը

Սիրիայի հետ սահմանակից շրջաններում զրահատեխնիկա կուտակելուց և ցամաքային ու ռազմաօդային ուժերը մարտական պատրաստականության վիճակի բերելուց բացի, Թուրքիայի զինված ուժերը ստորաբաժանումներ և զինամթերք են կուտակում նաև Դիարբեքիրում: Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին, հայտնում է թուրքական «Դողան հաբեր» լրատվական գործակալությունը։

Թուրքիայի ԶՈւ-ն զրահամեքենաներ է ուղարկում Սիրիային սահմանամերձ շրջաններ

Թուրքիայի ԶՈւ-ն զրահամեքենաներ է ուղարկում Սիրիային սահմանամերձ շրջաններ

Նշվում է, որ հունիսի 30-ի առավոտյան ժամերից սկսած Դիրաբեքիրում հսկայական զորաշարժ է սկսվել։ Գնացքներով քաղաք բերված զինամթերքն ու ռազմական տեխնիկան բեռնվում են զինվորական մեքենաներ, որից հետո տեղափոխվում են Դիարբեքիրում տեղակայված բանակային 7-րդ կորպուսի զորամասեր։

Ըստ գործակալության տեղեկության, զինամթերքի և տեխնիկայի կուտակումն ու բոլոր պատրաստություններն իրականացվում են Սիրիա ներխուժմանը նախապատրաստվելու համար։

Բացի այդ նշվում է, որ առավոտից Թուրքիայի Գազիանթեփ նահանգում տեղակայված 5-րդ զրահատանկային բրիգադից Սիրիային սահմանակից Քիլիս գավառ է տեղափոխվել ընդհանուր առմամբ 32 միավոր տանկ, 20 միավոր զրահափոխադրիչ, և ավտոբուսներ, որոնցով փոխադրվել են զինծառայողները։ Ստորաբաժանումները տեղակայվել են Քիլիս գավառի Չոբանբեյ սահմանային անցակետի շրջակայքում։

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին «Անադոլու» լրատվական գործակալության տարածած հայտարարությունում նշվում էր, որ Թուրքիայի ԶՈւ 5-րդ զրահատանկային բրիգադը Քիլիսի շրջան է ուղարկել 32 միավոր տանկ, ինչպես նաև զրահափոխադրիչներ, ՀՄՄ-ներ և այլ զրահամեքենաներ, որոնց մասին հստակ տեղեկատվություն չի հաղորդվում։

Քիլիսի դիմաց գտնվող Սիրիայի Հալեպ նահանգի Ազեզ ավանում մարտեր են ընթանում ԻՊ-ի զինյալների և արաբական ընդդիմադիր ուժերի մարտիկների միջև։ Հիշեցնենք, որ թուրքական իշխանամետ «Յենի Շաֆաք» օրաթերթի կայքում հունիսի 28-ին տպագրված հոդվածում նշվում էր, որ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը նախապատրաստվում է 18000-անոց զորքով մտնել Սիրիա՝ Թուրքիայի հյուսիսային շրջանների անվտանգությունն ապահովելու համար։

Հավելենք նաև, որ հունիսի 28-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե վերջինս ինչ կարող է ասել այն լուրերի մասին, որ Թուրքիան նախապատրաստվում է ներխուժել Սիրիա, նշել է, որ դրա վերաբերյալ հայտարարություն կարվի հունիսի 29-ին կայանալիք ԱԱԽ նիստից հետո։

Նշենք, որ հունիսի 29-ի ԱԱԽ նիստում քննարկման հիմնական թեման՝ համաձայն «Անադոլու» գործակալության տեղեկության, եղել է Սիրիայում զարգացող իրադարձությունները։ Մասնավորապես ընդգծվել է, որ այդ իրադարձությունները սկսում են լրջորեն սպառնալ Թուրքիայի անվտանգությանը։ Կայացված որոշումների մասին դեռևս հստակ տեղեկություններ չեն հաղորդվում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *