Թուրքիան զրահատեխնիկա է կուտակում Սիրիայի հետ սահմանին

Թուրքիայի զինված ուժերը զրահամեքենաներ են կուտակում Սիրիայի հյուսիսային՝ Թուրքիայի հետ սահմանամերձ Ջարաբլուս քաղաքի դիմաց գտնվող  Գազիանթեփ նահանգում և Քիլիսում։ Մասնավորապես հայտնի է 32 միավոր տանկի տեղակայման մասին։ Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Թուրքիայի զինված ուժերի M60 տանկը Քոբանի քաղաքի մոտ՝ թուրք-սիրիական սահմանի թուրքական հատվածում: Նկարը՝ Financial Times կայքի

Թուրքիայի զինված ուժերի M60 տանկը Քոբանի քաղաքի մոտ՝ թուրք-սիրիական սահմանի թուրքական հատվածում, 2014թ. հոկտեմբեր:

Նշվում է, որ Թուրքիայի ԶՈւ 5-րդ զրահատանկային բրիդագի ստորաբաժանումները զրահատեխնիկա են կուտակում Սիրիայի սահմանին գտնվող Քարքամըշ գավառում։ Ստորաբաժանումների զինծառայողները ուշադրությամբ հետևում են Սիրիայում զարգացող իրադարձություններին՝ Ջարաբլուսում «Իսլամական պետության» գրոհայինների ծավալած գործողություններին։

Ըստ հրապարակված տեղեկության՝ Քիլիսում ևս թուրքական ստորաբաժանումները զրահատեխնիկա են կուտակում։ Մասնավորապես այսօր՝ հունիսի 30-ին «Անադոլու» լրատվական գործակալության տարածած հայտարարությունում նշվում է, որ Թուրքիայի ԶՈւ 5-րդ զրահատանկային բրիգադը Քիլիսի շրջան ուղարկել է 32 միավոր տանկ, ինչպես նաև զրահափոխադրիչներ, ՀՄՄ-ներ և այլ զրահամեքենաներ, որնց մասին հստակ տեղեկատվություն չի հաղորդվում։

Քիլիսի դիմաց գտնվող Սիրիայի Հալեպ նահանգի Ազեզ ավանում մարտեր են ընթանում ԻՊ-ի զինյալների և արաբական ընդդիմադիր ուժերի մարտիկների միջև։ Հիշեցնենք, որ թուրքական իշխանամետ «Յենի Շաֆաք» օրաթերթի կայքում հունիսի 28-ին տպագրված հոդվածում նշվում էր, որ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը նախապատրաստվում է 18000-անոց զորքով մտնել Սիրիա՝ Թուրքիայի հյուսիսային շրջանների անվտանգությունն ապահովելու համար։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ օրաթերթում հրապարակված տեղեկության՝ Թուրքիայի ԶՈւ-ն Սիրիա պետք է ներխուժի հիմնականում երկու կետից՝ Քարքամըշից և Օնջուփընարից, իսկ «Անադոլուի» նյութում նշվում է, որ զրահատեխնիկան կուտակվում է հենց այդ շրջաններում՝ կարելի է ենթադրել, որ տեխնիկայի կուտակումներն իրականացվում են Սիրիա ներխուժմանը նախապատրաստվելու համար։

Հավելենք, որ հունիսի 25-ից 27-ը տևած կռիվների ընթացքում քրդական «Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատի» (YPG) մարտիկները կարողացել են «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման վերահսկողությունից ամբողջությամբ ազատել Սիրիայի հյուսիսում տեղեկայված, հիմնականում քրդաբնակ Քոբանի քաղաքը։ Սիրիայի տարածքում Քոբանիին ամենամոտ քաղաքը, որը դեռևս գտնվում է ԻՊ-ի ձեռքում՝ Ջարաբլուս քաղաքն է, որտեղից էլ ամենայն հավանականությամբհարձակվել էին ԻՊ-ի գրոհայինների մի մասը։

Նշենք նաև, որ Թուրքիան մշտապես անհանգստացել է Սիրիայի տարածքում քրդական ուժերի ակտիվացումից՝ համարելով, որ քրդերի ակտիվացումը կարող է իր ազդեցությունն ունենալ Թուրքիայում ապրող միլիոնավոր քրդերի վրա։ Թուրքիայի ղեկավարները մշտապես հայտարարել են, որ քրդական YPG-ն Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) թև է։ Ըստ այդմ՝ ամենայն հավնականությամբ Թուրքիան փորձում է խոչընդոտել քրդերի դիրքերի առավել ամրապնդմանը Թուրքիային սամանակից շրջաններում։