ԱՄՆ-ն կողմ չէ, որ Թուրքիան ներխուժի Սիրիա․ ԱՄՆ պետդեպարտամենտ

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները տեղեկություններ չունեն, թե ինչ նպատակով է Թուրքիան իր տանկերը մոտեցրել Սիրիայի սահմանին։ Եթե դա Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու նպատակով է, ապա ԱՄՆ-ն դեռևս այդ քայլը նպատակահարմար չի գտնում։ Այս մասին Քիրբին հայտարարել է հունիսի 30-ին՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

Թուրքիայի ԶՈւ-ն զրահամեքենաներ է ուղարկում Սիրիային սահմանամերձ շրջաններ

Թուրքիայի ԶՈւ-ն զրահամեքենաներ է ուղարկում Սիրիային սահմանամերձ շրջաններ

ԱՄՆ ղեկավարության արտաքին գերատեսչության խոսնակը հայտնել է, որ Թուրքիայի նմանատիպ նկրտումները նորություն չեն։ Այդ երկրի ղեկավարությունը մշտապես ցանկություն է հայտնել Սիրիայի հյուսիսային շրջաններում ստեղծել անվտանգության բուֆերային գոտի , սակայն ներկայումս ո´չ Վաշինգթոնը ո´չ էլ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող միացյալ Կոալիցիան այդ քայլը նպատակահարմար ու տեղին չեն համարում։

Ջոն Քիրբին հայտնել է, որ ամեն դեպքում Թուրքիան դեռևս նման որոշում չի կայացրել, իսկ եթե նույնիսկ կայացրել է, ապա ԱՄՆ ղեկավարությունը տեղեկություններ չունի։ Եվ սա չնայած այն հանգամանքին, որ լրագրողներից մեկը հստակ պնդել է, իբր անցյալ շաբաթ՝ հունիսի 16-ին, Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հեռախոսազրույցում քննարկել է Թուրքիայի՝ Սիրիա ներխուժելու և այնտեղ անվտանգության գոտի ստեղծելու հարցը։

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին «Անադոլու» լրատվական գործակալության հայտարարությունում նշվում էր, որ Թուրքիայի ԶՈւ 5-րդ զրահատանկային բրիգադը Քիլիսի շրջան է ուղարկել 32 միավոր տանկ, ինչպես նաև զրահափոխադրիչներ, ՀՄՄ-ներ և այլ զրահամեքենաներ, որոնց մասին հստակ տեղեկատվություն չի հաղորդվում։

Քիլիսի դիմաց գտնվող Սիրիայի Հալեպ նահանգի Ազեզ ավանում մարտեր են ընթանում ԻՊ-ի զինյալների և արաբական ընդդիմադիր ուժերի մարտիկների միջև։ Հիշեցնենք, որ թուրքական իշխանամետ «Յենի Շաֆաք» օրաթերթի կայքում հունիսի 28-ին տպագրված հոդվածում նշվում էր, որ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը նախապատրաստվում է 18000-անոց զորքով մտնել Սիրիա՝ Թուրքիայի հյուսիսային շրջանների անվտանգությունն ապահովելու համար։

Հավելենք նաև, որ հունիսի 28-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե վերջինս ինչ կարող է ասել այն լուրերի մասին, որ Թուրքիան նախապատրաստվում է ներխուժել Սիրիա, նշել է, որ դրա վերաբերյալ հայտարարություն կարվի հունիսի 29-ին կայանալիք ԱԱԽ նիստից հետո։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *