ՄԱԿ Անվտանգության խորհուրդն արգելել է զենք վաճառել Եմենի ապստամբ ուժերին

Ապրիլի 14-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդը էմբարգո է սահմանել ապստամբներին, մասնավորապես՝ «ալ Հուսի» շարժման ղեկավար Աբուլ Մալիք ալ-Հուսիին և Եմենի նախկին նախագահին ու վերջինիս որդուն զենք մատակարարելու վրա: Խորհուրդը նաև ընդլայնել է Եմենում ծավալվող քաղաքացիական պատերազմի համար պատժամիջոցների ենթարկվող անձանց ցուցակը: Այս մասին հայտնում է կազմակերպության լրատվության կենտրոնը:

Քննարկում ՄԱԿ-ի ԱԽ-ում

Քննարկում ՄԱԿ-ի ԱԽ-ում

ԱԽ-ն նաև կոչ է արել ապստամբական խմբերին, մասնավորապես՝ «Ալ Հուսի» շիա զինյալների խմբավորմանը, վայր դնել զենքերը, դուրս գալ գրաված տարածքներից, այդ թվում՝ երկրի մայրաքաղաք Սանայից, ազատ արձակել Եմենի գերեվարված պաշտպանության նախարարին և մյուս պաշտոնյաներին:

Պահանջների չկատարման դեպքում խորհուրդը սպառնացել է խստացնել կիրառվող պատժամիջոցները, ինպես նաև անցնել «ընդլայնված միջոցների կիրառման»՝ 2014-ի ընդունած 2140 բանաձևի շրջանակներում պատժամիջոցների տակ դնելով նաև այլ ֆիզիկական և իրավական անձանց (բանաձևը ենթադրում է պատժամիջոցների կիրառում Եմենի անվտանգությանն ու կայունությանը սպառանացող իրավական և ֆիզիկական անձնաց նկատմամբ):

Նշենք, որ ապրիլի 14-ին կայացած նիստի ժամանակ ԱԽ-ն անդրադարձել  ու դատապարտել է նաև «Ալ Քաիդա» ահաբեկչական շարժման՝ Արաբական թերակղզում ծավալած գործունեությանը, ինչը անդրադառնում է նաև «Ալ Հուսիի» զինված պայքարի ծավալման տեմպերի վրա Եմենի տարբեր շրջաններում:

ՄԱԿ ԱԽ-ն կազմակերպության գլխավոր քարտուղարին լիազորել է 10 օրվա ընթացքում զեկույց ներկայացնել Եմենի վերաբերյալ որոշումների իրագործամն մասին:

Հատկանշական է, որ ՌԴ-ն այս նախագծի բանաձևի քվեարկության ժամանակ ձեռնպահ է մնացել, իսկ Իրանը, որին Եմենի քաղաքացիական պատերազմի ամենասկզբից մեղադրում են շիադավան հութի ապստամբներին աջակցելու մեջ, մարտի 13-ին հանդես է եկել խնդիրը բանակցությունների միջոցով կարգավորելու և լուծելու 4 կետանոց ծրագրով, որը ենթադրում է նաև մարդասիրական օգնության տրամադրում:

Իրանի արտգործնախարարը ևս մեկ անգամ հերքել է իրենց աջակցությունն ապստամբներին ու մեղադրել  Սաուդյան Արաբիային՝Եմենի տարածքում օդային հարվածներ հասցնելու և այդ երկրի ներքին գործերին խառնվելու համար: Հայտնում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը:

Եմենի կառավարական ուժերի, հութի ապստամբների և Ալ Քաիդայի ահաբեկիչների զբաղեցրած տարածքները 2015թ. ապրիլի 13-ի դրությամբ. նկարը Stratfor գործակալության

Եմենի կառավարական ուժերի, հութի ապստամբների և Ալ Քաիդայի ահաբեկիչների զբաղեցրած տարածքները 2015թ. ապրիլի 13-ի դրությամբ. նկարը Stratfor գործակալության

Հիշեցնենք, որ փետրվարին հութիներն իշխանությունից հեռացրել էին երկրի նախագահ Աբդ-Ռաբբա Մանսուրա Հադին, և վերջինս ստիպված է եղել ապաստանել երկրի հարավում՝ Ադեն քաղաքում, որը մինչ երկու Եմենների միավորումը (1990 թ.) եղել է Ազգային Ժողովրդավարական Եմենի մայրաքաղաքը: Եմենի արտգործնախարարը Պարսից ծոցի երկրներին կոչ է արել, որ ռազմական միջամտությամբ կանխեն շիադավան, իրանամետ հութի ապստամբների՝ դեպի երկրի հարավային շրջաններ առաջխաղացումը: Իսկ մարտի 24-ին ռազմական աջակցության խնդրանքով ՄԱԿ-ին է դիմել երկրի նախագահ Աբդ-Ռաբբա Մանսուրա Հադին, որից հետո Սաուդյան Արաբիան ու Պարսից ծոցի արաբական 9 երկրներ Եմենի օրինական ղեկավարի խնդրանքով ռազմական գործողություններ են սկսել Եմենում։

Գործողություններին մասնակցում են Պարսից ծոցի բոլոր արաբական երկրները՝ բացառությամբ Օմանի։ Արաբական Միացյալ Էմիրությունները գործողություններին մասնակցում է 30 կործանիչով, Բահրեյնը՝ 15, Քուվեյթը՝ 15, Քաթարը՝ 10 և Հորդանանը՝ 6 կործանիչներով։ Եգիպտոսը և Սուդանը ևս մասնակցելու պատրաստակամություն են հայտնել։ Ռազմական գործողություններին Ծոցի երկրների կոալիցիայի կազմում մասնակցում է մոտ 100 մարտական ինքնաթիռ և 150 հազար զինվորական։Հավելենք՝ Արաբական կոալիցիայի խոսնակը մարտի 29-ին հայտարարել է, որ իրենք շարունակելու են օդային հարվածներ հասցնել Եմենում, քանի դեռ երկրի օրինական նախագահ Աբդ-Ռաբբու Մանսուր Հադին հնարավորություն չունի կրկին ստանձնել երկրի ղեկավարումը:

2 responses to “ՄԱԿ Անվտանգության խորհուրդն արգելել է զենք վաճառել Եմենի ապստամբ ուժերին

  1. Pingback: Եմենում հնգօրյա զինադադարի փորձը ձախողվեց. ավիահարվածները շարունակվում են | Ռազմ.info

  2. Pingback: Եմենում հնգօրյա զինադադար կհաստատվի | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *