Կանադան որոշել է ուկրաինական Ազգային գվարդիան մարզելու համար ուղարկել 200 զինվորական հրահանգիչ։ Ուկրաինայի Լվովի շրջանի Յավորովյան զորավարժարանում անցկացվելիք մարզումները կսկսվեն 2015-ի ամռանը և կավարտվեն 2017-ի մարտի 31-ին: Այս մասին ապրիլի 14-ին հայտնում է կանադական CBC լրատվակայքը՝ հղում անելով Կանադայի վարչապետի և պաշտպանության նախարարի հայտարարություններին։
Մարզումների նախապատրաստման ծրագրում կներառվի պայթյունավտանգ օբլեկտների վնասազերծման, ռազմական ոստիկանության մարտավարության մշակման, ռազմական իրավիճակում առաջին բուժօգնության և թռիչքային ու թիկունքային ապահովման աշխատանքների կազմակերպման ուսուցումը։
Կանադայի վարչապետ Ստեֆան Հարփերի հայտարարությունում նշվում է, որ Կանադայի զինվորական մարզիչները պետք է օգնեն Ուկրաինային, որպեսզի վերջինս պահպանի իր ինքնիշխանությունը, անվտանգությունը և կայունությունը։
Ավելացնենք նաև, որ վերոնշյալ զորավարժարանում ապրիլի 20-ին նախատեսվում է սկսել ուկրաինական Ազգային գվարդիայի և ԱՄՆ ռազմական հրահանգիչների մարզումները։ ԱՄՆ զինված ուժերը վարժանքներին ներկայացված է լինելու 173-րդ օդադեսանտային բրիգադի 290 զինծառայողով։ Միացյալ Նահանգները նաև ոչ մահացու սպառազինությամբ է օգնում Ուկրաինային՝ այնտեղ մատակարարելով զրահամեքենաներ, անօդաչու թռչող սարքեր և այլն:
Հիշեցնենք, որ մարտին բրիտանացի շուրջ 35 ռազմական հրահանգիչ ևս սկսել է ուկրաինական կառավարական ուժերի՝ ապստամբների դեմ կռվող զինվորների մարզումները, որոնք տևելու են մոտ 2 ամիս:
Ուկրաինական կառավարական ուժերին մարզելու պատրաստակամություն է հայտնել նաև Լեհաստանը:
Հիշեցնենք նաև, որ Ուկրաինայում քաղաքացիական պատերազմը սկսվել է 2014-ի գարնանը: Ճգնաժամը հաղթահարելու նպատակով 2015-ի փետրվարի 11-12-ին Մինսկում կայացել են բանակցություններ, որին մասնակցում էին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Պյոտր Պորոշենկոն: Վերոնշյալ բանակցությունների արդյունքում որոշվել էր փետրվարի 15-ին՝ Կիևի ժամանակով ժամը 00:00-ին, հայտարարել հրադադար։ Սակայն զինադադարի հայտարարումից հետո ռազմական գործողությունները ոչ միայն չեն դադարել, այլև ծանր մարտեր են ծավալվել Դեբալցևոյում, իսկ հակամարտող կողմերի շփման գծում վիճակը մինչ օրս շարունակում է մնալ գերլարված: