Բրիտանացի շուրջ 35 ռազմական հրահանգիչ Ուկրաինայի հարավային Միկոլաև քաղաքում սկսել է ուկրաինական կառավարական ուժերի՝ ապստամբների դեմ կռվող զինվորների մարզումները, որոնք տևելու են մոտ 2 ամիս: Այս մասին հայտնում է BBC հեռուստառադիոընկերության կայքը։
Մարզումները նախատեսված են այն ուժերի համար, որոնք ապահովում են ուկրաինական բանակի բուժօգնությունը, պաշտպանական մարտավարության մշակումը և տարբեր զինատեսակների մատակարարումը։
Սպասվում է, որ առաջիկա շաբաթներին Ուկրաինա կժամանեն բրիտանացի հրահանգիչների նոր խմբեր։ Նշվածից բացի, բրիտանական ռազմական օգնությունն իր մեջ ներառում է նաև քնապարկեր, գիշերային տեսողության սարքեր։
Հիշեցնենք, որ դեռևս 2015-ի փետրվարի 24-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը երկրի խորհրդարանում հայտարարել էր բրիտանացի հրահագիչների՝ Ուկրաինայում մարզումներ անցկացնելու մտադրության մասին։ Այս հայտարարությանը հաջորդել էր Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելընի՝ 2015-ի փետրվարի 25-ի ելույթը, որի ժամանակ մեկնաբանելով վարչապետի հայտարարությունը՝ նախարարը նշել էր, որ բրիտանական սպասարկող անձնակազմը մարտի կեսերին կգործուղվի Ուկրաինա՝ տեղի կառավարական ուժերին մարզելու համար։ Ելույթի ժամանակ նաև նշվել էր, որ բրիտանական կողմն այս որոշումը կայացրել է ՆԱՏՕ-ից անկախ, ի պատասխան Կիևի խնդրանքին, և իրենք չեն պատրաստվում մարտական ստորաբաժանումներ ուղարկել Ուկրաինա:
Հատկանշական է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենն այսօր՝ մարտի 19-ին, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ նախագահ Օբամայի որոշմամբ՝ ԱՄՆ-ն ևս նախատեսում է մարզել ուկրաինական կառավարական ուժերին, և մոտ ժամանակներս սկսելու է Ուկրաինայի Ազգային գվարդիականների մարզումները: Նախատեսվում է մարտի վերջին Ուկրաինա հասցնել ռազմական մեքենաների առաջին շարասյունը։
Հիշեցնենք նաև, որ Ուկրաինայում քաղաքացիական պատերազմը սկսվել է 2014-ի գարնանը: Ճգնաժամը հաղթահարելու նպատակով 2015-ի փետրվարի 11-12-ին Մինսկում կայացել են բանակցություններ, որին մասնակցում էին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Պյոտր Պորոշենկոն: Վերոնշյալ բանակցությունների արդյունքում որոշվել էր փետրվարի 15-ին՝ Կիևի ժամանակով ժամը 00:00-ին, հայտարարել հրադադար։ Սակայն զինադադարի հայտարարումից հետո ռազմական գործողությունները ոչ միայն չեն դադարել, այլև ծանր մարտեր են ծավալվել Դեբալցևոյում, իսկ հակամարտող կողմերի շփման գծում վիճակը մինչ օրս շարունակում է մնալ գերլարված:
Pingback: ԱՄՆ 300 զինծառայող 6 ամսում մարզելու է ուկրաինական բանակի 3 գումարտակ | Ռազմ.info
Pingback: Ուկրաինայում սկսվել է ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժության երկրորդ փուլը | Ռազմ.info
Pingback: ԱՄՆ-ն կրկին սկսում է մարզել ուկրաինական բանակը | Ռազմ.info