Միացյալ Նահանգները հաստատել է Ուկրաինայի Ազգային գվարդիային մարզելու ծրագիրը

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը մարտի 19-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ նախագահ Օբաման որոշել է մոտ ժամանակներս սկսել Ուկրաինայի Ազգային գվարդիայի զինծառայողների մարզումները, և մարտի վերջին Ուկրաինա կհասնի ռազմական մեքենաների առաջին շարասյունը։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի կայքը։

«Ծանր զինատեսակների» դուրսբերումը Ուկրաինայի հակամարտող զորքերի շփման գծից

«Ծանր զինատեսակների» դուրսբերումը Ուկրաինայի հակամարտող զորքերի շփման գծից

Հաղորդագրությունում նշվում է, որ Պորոշենկոն Բայդենին ներկայացրել է Դոնբասում տիրող իրավիճակը և վերջին քայլերը, որոնք Ուկրաինայի խորհրդարանն իրականացրել է՝ համաձայն Մինսկի պայմանավորվածությունների։

Ջո Բայդենն իր հերթին հայտնել է, որ մարտի վերջին Ուկրաինա կժամանի «պաշտպանունակության ուժեղացման համար» նախատեսված զինվորական մեքենաների առաջին շարասյունը։

Միևնույն ժամանակ բրիտանական Reuters լրատվական գործակալությունը հաղորդում է, որ ԱՄՆ փոխնախագահն Ուկրաինայի նախագահի հետ հեռախոսազրույցում ընդգծել է, թե Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներն ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, մինչև վերջինս չկատարի Մինսկի համաձայնագրով ձեռք բերված բոլոր պարտականությունները և չդադարեցնի բռնություն քարոզել Ուկրաինայում։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանտար, գեներալ-լեյտենանտ Բեն Հոջեսը հայտարարել էր, որ ուկրաինական զինծառայողների մարզումների ծրագիրը չի իրականացվելու, քանի որ դա կարող է Մինսկի համաձայագրի կատարումից հրաժարվելու առիթ տալ Ռուսաստանին։

Հավելենք, որ ուկրաինական զինծառայողների մարզումների ծրագրի մասին ԱՄՆ-ն հայտարարել էր դեռևս փետրվարին։ Գեներալ Հոջեսը նշել էր, որ մարզումային ծրագրում կընդգրկվի մեկ գումարտակ, որը կմարզի ուկրաինական բանակի 3 գումարտակ։

Նա ընդգծել էր, որ մարզումների ընթացքում ուկրաիանական բանակի զինծառայողներին հատկապես ուսուցանվելու է, թե ինչպես գործեն, երբ «ռուսները խլացնում են կապը», և ինչպես պաշտպանվեն ՌԴ ԶՈւ սպառազինության հրանոթներից ու ապստամբների հրետանուց։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *