Մեծ Բրիտանիան պատրաստվում է 75 հրահանգիչ ուղարկել Ուկրաինա՝ կառավարական ուժերին մարզելու

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը, 2015-ի փետրվարի 25-ին երկրի խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ մեկնաբանելով վարչապետի՝ նախորդ օրվա  հայտարարությունը, նշել է, որ բրիտանական սպասարկող անձնակազմը մարտի կեսերին կգործուղվի Ուկրաինա՝ տեղի կառավարական ուժերին ուսուցանելու համար։ Այս մասին հայտնում է BBC հեռուստառադիոընկերության կայքը։

«Ծանր զինատեսակների» դուրսբերումը Ուկրաինայի հակամարտող զորքերի շփման գծից

«Ծանր զինատեսակների» դուրսբերումը Ուկրաինայի հակամարտող զորքերի շփման գծից

Մեկնաբանելով վարչապետի հայտարարությունները՝ պաշտպանության նախարարը նշել է, որ իրենք չեն պատրաստվում մարտական ստորաբաժանումներ ուղարկել Ուկրաինա, սակայն ուղարկելու են հրահանգիչներ, որոնք, ինչպես և նշել էր վարչապետը, զբաղվելու են ուկրաինացի ուժայինների մարզումներով:

Նախարար Ֆելոնը նշել է, որ բրիտանական կողմն այս որոշումը կայացրել է ՆԱՏՕ-ից անկախ, թեև Դաշինքի գործընկերների հետ այս թեմայով քննարկումներ եղել են: Մեծ Բրիտանիան այս քայլին դիմել է ի պատասխան Կիևի խնդրանքի:

Ֆելոնը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն իր հերթին պատրաստվում է «մեկ գումարտակ զինվոր» ուղարկել Ուկրաինա՝ երեք ուկրաինական գումարտակ մարզելու համար:

Նշենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը 2015-ի փետրվարի 24-ին երկրի խորհրդարանում հայտարարել էր, որ Բրիտանիան ուկրաինական բանակի մարզումների համար Ուկրաինա է ուղարկելու 75 ռազմական հրահանգիչ։

Նա նշել էր, որ բրիտանացի զինվորականները Ուկրաինա կուղարկվեն 2015-ի մարտին և, որպես ռազմական խորհրդատուներ ու մարզիչներ, կզբաղվեն ուկրաինական զորքերի պատրաստությամբ՝ ներառյալ հետախուզական, թիկունքային ապահովման, բուժօգնության, բացի այդ՝ հետևակի առանձին մարզումներով ու հրահանգավորմամբ:

Քեմերոնն ընդգծել էր, որ բրիտանացի զինվորականները կտեղակայվեն հակամարտող կողմերի շփման գծից հեռու և չեն մասնակցի ռազմական գործողություններին։ Նա ավելացրել է, որ բրիտանական կողմը բազմիցս ասել է, որ Ուկրաինային տրամադրելու է նաև ռազմական գույք, մասնավորապես, գիշերային տեսանելիության սարքեր ու անհատական պաշտպանության միջոցներ։

Վարչապետն ավելացրել էր, որ ռուսամետ ուժերի կողմից ռազմական գործողությունները շարունակելու պարագայում Մեծ Բրիտանիան առավել լուրջ պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի հանդեպ։

 

3 responses to “Մեծ Բրիտանիան պատրաստվում է 75 հրահանգիչ ուղարկել Ուկրաինա՝ կառավարական ուժերին մարզելու

  1. Pingback: ԱՄՆ-ն հետախուզական անօդաչու թռչող սարքեր ու զրահամեքենաներ է տրամադրելու Ուկրաինային | Ռազմ.info

  2. Pingback: Կիևի խնդրանքով Մեծ Բրիտանիան սկսել է մարզել Ուկրաինայի կառավարական ուժերը | Ռազմ.info

  3. Pingback: Լեհաստանը ևս մարզելու է Ուկրաինայի կառավարական ուժերը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *