Մարտի 25-ին ԱՄՆ օդուժի բեռնատար ինքնաթիռով Ուկրաինա են բերվել Միացյալ Նահանգների՝ Ուկրաինայի ուժայիններին տրամադրվելիք առաջին 10 միավոր HMMWV (Humvee) ռազմական զրահապատ մեքենաները: Առաջիկա շաբաթվա ընթացքում ամերիկյան կողմը մտադիր է Ուկրաինա ուղարկել ևս 30 մեքենա: Այս մասին հայտնում է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանության կայքը:
Մեքենաների ստացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, որն անձամբ է ընդունել մատակարարվող մեքենաները:
Մեքենաների տրամադրման մասին Միացյալ Նահանգները խոստացել էր մարտի կեսերին: Մարտի 12-ին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն մտադիր է օգնել Ուկրաինայի կառավարական ուժերին՝ նրանց տրամադրելով ընդհանուր առմամբ 75 մլն ամերիկյան դոլարի ոչ մահացու սպառազինություն:
Տրամադրվող օգնության մեջ մտնում են ամերիկյան արտադրության RQ-11 Raven հետախուզական փոքր անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), 30 միավոր զրահապատ և ևս մոտ 200 միավոր ոչ զրահապատ HMMWV (Humvee, «Համվի») մեքենաներ, հակաականանետային ռադարներ, գիշերային դիտասարքեր, առաջին օգնության պարագաներ:
Լրատվամիջոցի աղբյուրը հայտնել է, որ ԱՄՆ-ն չի մատակարարում մահացու զինատեսակներ, քանի որ դա նման օգնությունը կավելացներ արյունահեղությունը տարածաշրջանում:
Մատակարարվող ոչ մահացու սպառազինության մեջ մտնող HMMWV (High Mobility Multipurpose Wheeled Vehicle – Բարձր շարժունակությամբ բազմանպատակային անվավոր մեքենա) թեթև զրահավորված մեքենաները, որոնք արտադրում է ամերիկյան AM General ընկերությունը, նախատեսված են հետախուզական կամ բարձր շարժունակությամբ (արագ արձագանքման) ստորաբաժանումների համար։ 2,6 տոննա զանգվածով մեքենաները կարող են տեղափոխել մինչև 2 տոննա բեռ, այդ թվում՝ նաև սպառազինություն։
1985-ից արտադրվող մեքենաներն ունեն մի շարք արդիականացումներ, որոնց վրա տեղադրված է տարբեր տեսակի սպառազինություն։ Զրահապատ մեքենաների միջին գինը շուրջ 140 հազար ամերիկյան դոլար է։ Մեծ կամ փոքր քանակությամբ այս մեքենաներից առկա է աշխարհի մոտ 70 երկրների զինված ուժերում։
Pingback: Ուկրաինայի ազգային գվարդիայի մարզումների համար Կանադան մտադիր է ուղարկել 200 զինվորական | Ռազմ.info
Pingback: ԱՄՆ Կոնգրեսը ցանկանում է Ուկրաինային զինել մահաբեր զենքով | Ռազմ.info
Pingback: ԱՄՆ-ն Ուկրաինային մատակարարել է 100 զրահամեքենա | Ռազմ.info
Pingback: Օբաման վետո է դրել երկրի՝ 2016 թվականի պաշտպանական բյուջեի նախագծի վրա | Ռազմ.info