Լեհաստանը ևս մարզելու է Ուկրաինայի կառավարական ուժերը

Լեհաստանի պաշտպանության նախարար Տոմաշ Սեմոնյակը մարտի 31-ին հայտարարել է, թե իրենք պատրաստվում են մարզել ուկրաինական կառավարական ուժերի 50 հրահանգչի՝ որպես աջակցություն ռուսամետ ապստամբների դեմ պայքարում: Այս մասին հայտնում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը:

Ուկրաինայի ուժայինները երկրի հարավ-արևելքում

Ուկրաինայի ուժայինները երկրի հարավ-արևելքում

Նախարարի խոսքերով՝ այս տարվա հունիսին, սեպտեմբերին և հոկտեմբերին անցկացվելիք մարզումների ծրագիրը ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային տրամադրվող աջակցության մի մասն է, և նմանատիպ մարզումներ անցկացնելու են նաև ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրները: Լեհ-ուկրաինական նման ձևաչափով համագործակցության մասին խսովել է դեռևս մարտի սկզբներին՝ Լեհաստանի վարչապետ Էվա Կոպաչի և Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նախագահ Օլեքսանդր Տուրչյանովի հանդիպումից հետո, երբ Կոպաչը հայտարարել էր, թե իրենց ռազմական բազաներն ու ուսումնական կետնտրոնները շատ ավելի լավ վիճակում են, ու այդ պատճառով էլ ուկրիանացիները կմարզվեն իրենց մոտ:

Հավելենք նաև, որ Լեհաստանը Ռուսաստանի քաղաքականությունը ամենասուր քննադատող պետություններից է և բազմիցս մեղադրել է Կրեմլին՝ Ուկրիանիայի ապստամբներին աջակցելու և զենք մատակարարելու համար, ինչը Մոսկվան մշտապես հերքել է:

Հիշեցենք, որ դեռևս 2015-ի փետրվարի 24-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը երկրի խորհրդարանում հայտարարել էր բրիտանական հրահագիչների՝ Ուկրաինայում մարզումներ անցկացնելու մտադրության մասին։ Հաջորդիվ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելընը՝ փետրվարի 25-ին ելույթի ժամանակ՝ մեկնաբանելով վարչապետի հայտարարությունը, նշել է, որ բրիտանական սպասարկող անձնակազմը մարտի կեսերին նույնպես կգործուղվի Ուկրաինայի կառավարական ուժերին մարզելու։ Բրիտանացի հրահանգիչների առաջին խումբը (35 հոգի) Ուկրաինայի հարավային Նիկոլաև քաղաքում մարտի 19-ին սկսել է ուկրաինական կառավարական ուժերի՝ ապստամբների դեմ կռվող զինվորների մարզումները, որոնք տևելու են մոտ 2 ամիս:

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենն մարտի 19-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցում ևս հայտնել էր, որ նախագահ Օբամայի որոշմամբ՝ ԱՄՆ-ն ևս նախատեսում է մարզել ուկրաինական կառավարական ուժերին և մոտ ժամանակներս սկսելու է Ուկրաինայի Ազգային գվարդիականների մարզումները: Նախատեսվում էր նաև մարտի վերջին Ուկրաինա հասցնել ռազմական մեքենաների առաջին շարասյունը։

Ուրաինական ուժերի և ապստամբների վերահսկած տերածքները Ուկրաինայում

Ուրաինական ուժերի և ապստամբների վերահսկած տերածքները Ուկրաինայում

Հիշեցնենք նաև, որ Ուկրաինայում քաղաքացիական պատերազմը սկսվել է 2014-ի գարնանը: Ճգնաժամը հաղթահարելու նպատակով 2015-ի փետրվարի 11-12-ին Մինսկում կայացել են բանակցություններ, որին մասնակցում էին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Պյոտր Պորոշենկոն: Վերոնշյալ բանակցությունների արդյունքում որոշվել էր փետրվարի 15-ին՝ Կիևի ժամանակով ժամը 00:00-ին, հայտարարել հրադադար։ Սակայն զինադադարի հայտարարումից հետո ռազմական գործողությունները ոչ միայն չեն դադարել, այլև ծանր մարտեր են ծավալվել Դեբալցևոյում, իսկ հակամարտող կողմերի շփման գծում վիճակը մինչ օրս շարունակում է մնալ լարված:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *