Արաբական կոալիցիան կշարունակի պայքարը Եմենի հութիների դեմ մինչև երկրի նախագահի վերադարձը

Արաբական կոալիցիայի խոսնակը մարտի 29-ին հայտարարել է, որ իրենք շարունակելու են օդային հարվածներ հասցնել Եմենում, քանի դեռ երկրի օրինական նախագահ Աբդ-Ռաբբու Մանսուր Հադին հնարավորություն չունի կրկին ստանձնել երկրի ղեկավարումը: Այս մասին հայտնում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը:

Սաուդյան Արաբիայի ՌՕՈՒ F-15 կարծանիչներ

Սաուդյան Արաբիայի ՌՕՈՒ F-15 կարծանիչներ

Սաուդյան Արաբիան նախորդ հինգշաբթի հայտարարել էր, որ իրենք և իրենց դաշնակից ևս 9 սուննի մուսուլմանական արաբական երկրները սկսում են ռմբակոծել Եմենի օրինական իշխանությունը տապալած շիա հութիների դիրքերը, որոնք դաշնակցում են Սաուդյան Արաբիայի հակառակորդ Իրանի Իսլամական Հանրապետության հետ:

Էր Ռիադում կայացած հերթական ճեպազրույցի ժամանակ արաբական կոալիցիայի խոսնակ, գեներալ Ահմեդ Ասսերին հայտարարել է, թե իրենց ձեռնարկած օդային հարվածները կասեցրել են հութիների առաջխաղացումը դեպի հարավային Ադեն քաղաք և հավելել, որ մարտի 28-ի օդային հարվածները խոցել են Եմենի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները, որոնք հութիները մայրաքաղաք Սանայից տեղափոխել էին ալ-Ռուբայի ռազմաօդային բազա: Խոսնակը նշել է, որ հութիներին Իրանի աջակցության շնորհիվ հաջողվել է պահպանել խլած մի քանի ինքաթիռ, որոնք օգտագործվել են նախորդ շաբաթ Ադենը ռմբակոծելիս, սակայն հիմա դրանցից ընդամենը մի քանիսն է մնացել, և դրանք ևս առաջիկայում կվնասազերծվեն:

Խոսնակի խոսքերով՝ հութիների շարքում կռվում է 25-30 հազար զինյալ: Վերջիններս օրական ստանում են 100 ամերիկյան դոլարի չափ գումար, որը ևս ֆինանսավորվում է Իրանից: Գեներալ Ասսերին նաև հայտարարել է, թե երբ ֆինանսավորումը դադարեցվի, հութիներից շատերը կհրաժարվեն կռվել:

Թեև թե´ հութիները, թե´ Իրանը հերքում են այս լուրերը, նշենք, որ իրանական իշխանություններին բազմիցս մեղադրել են Եմենի հութի շիական ցեղերին օգնելու համար, քանի որ այս տարածաշրջանում վերջիններս ունեն իրենց ուրույն շահերը: Արաբական երկրները ցանկանում են պահպանել սուննի նախագահի վարչակարգը, իսկ Իրանը՝ շիական ցեղերի իշխանության անցնելու կողմնակից է։ Գործողությունների նման ընթացքն արդեն բերել է Իրանի և արաբական երկրների միջև լարվածության աճին ու փոխադարձ մեղադրանքների։

Եմենի տարածքների վերահսկողությունը ներկայում բաժանված է կառավարական, հութիական և ալկաիդական ուժերի միջև, իսկ որոշ հատվածներում իրար դեմ պայքարում են երեք ուժերը միասին

Եմենի տարածքների վերահսկողությունը ներկայում բաժանված է կառավարական, հութիական և ալկաիդական ուժերի միջև, իսկ որոշ հատվածներում իրար դեմ պայքարում են երեք ուժերը միասին

Ավելացնենք, որ փետրվարին հութիներն իշխանությունից հեռացրել էին երկրի նախագահ Աբդ-Ռաբբա Մանսուրա Հադին, և վերջինս ստիպված է եղել ապաստանել երկրի հարավում՝ Ադեն քաղաքում, որը մինչ երկու Եմենների միավորումը (1990 թ.) եղել է Ազգային Ժողովրդավարական Եմենի մայրաքաղաքը: Եմենի արտգործնախարարը Պարսից ծոցի երկրներին կոչ է արել, որ ռազմական միջամտությամբ կանխեն շիադավան, իրանամետ հութի ապստամբների՝ դեպի երկրի հարավային շրջաններ առաջխաղացումը: Իսկ մարտի 24-ին ռազմական աջակցության խնդրանքով ՄԱԿ-ին է դիմել երկրի նախագահ Աբդ-Ռաբբա Մանսուրա Հադին, որից հետո Սաուդյան Արաբիան ու Պարսից ծոցի արաբական 9 երկրներ Եմենի օրինական ղեկավարի խնդրանքով ռազմական գործողություններ են սկսել Եմենում։

Գործողություններին մասնակցում են Պարսից ծոցի բոլոր արաբական երկրները՝ բացառությամբ Օմանի։ Արաբական Միացյալ Էմիրությունները գործողություններին մասնակցում է 30 կործանիչով, Բահրեյնը՝ 15, Քուվեյթը՝ 15, Քաթարը՝ 10 և Հորդանանը՝ 6 կործանիչներով։ Եգիպտոսը և Սուդանը ևս մասնակցելու պատրաստակամություն են հայտնել։ Ռազմական գործողություններին Ծոցի երկրների կոալիցիայի կազմում մասնակցում է մոտ 100 մարտական ինքնաթիռ և 150 հազար զինվորական։

One response to “Արաբական կոալիցիան կշարունակի պայքարը Եմենի հութիների դեմ մինչև երկրի նախագահի վերադարձը

  1. Pingback: Հութիները հաջողություններ են գրանցում նաև Եմենի հարավում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *