Թուրքիան ստանձնել է Քաբուլի օդանավակայանի հսկողությունը

Թուրքիայի խորհրդարանը հունվարի 5-ին լիազորել է կառավարությանն առաջիկա երկու տարիներին ևս զորքեր ուղարկել Աֆղանստան՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գլխավորած «Վճռական աջակցություն» նոր առաքելությանը:

Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Ֆրանսիական ուժերը Քաբուլի օդանավակայանի հսկողությունը հանձնում են թուրքական ուժերին

Ֆրանսիական ուժերը Քաբուլի օդանավակայանի հսկողությունը հանձնում են թուրքական ուժերին

Նոր առաքելության շրջանակներում Աֆղանստանում ծառայելու է թուրքական զինված ուժերի շուրջ 900 հոգանոց անձնակազմ, որը հսկելու է Քաբուլի՝ ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական թռիչքների համար օգտագործվող միջազգային օդանավակայանը:

Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը նշել է, որ սա ուսուցողական, խորհրդատվական և աջակցողական առաքելություն է, և մարտական գործողություններ չեն լինելու: Թուրքական զինուժի ենթակայության տակ ծառայելու են նաև ալբանական, ադրբեջանական և մակեդոնական անձնակազմերը: Նախարարը նաև հավելել է, որ Թուրքիան ծառայության համար վճարելու է ադրբեջանական 90 հոգանոց և ալբանական 30 հոգանոց անձակազմերին, ինչպես նաև կազմակերպչական աջակցություն է ցույց տալու մակեդոնական 13 հոգանոց անձնակազմին:

Բացի այդ, նոր օրինագծով կառավարությունն իրավունք ունի Աֆղանստան գնալու կամ Աֆղանստանից վերադառնալու նպատակով այլ երկրների զինվորական անձնակազմներին թույլատրել անցնել Թուրքիայի տարածքով:

Հիշեցնենք, որ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում դեկտեմբերի 28-ին 13 տարի անց իջեցվել է Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) դրոշը՝ պաշտոնապես ազդարարելով, որ երկրի անվտանգության ապահովման առաքելությունը ՆԱՏՕ-ի զորքերը հանձնում են տեղական ուժերին, իսկ հունվարի 1-ին սկսվել է  «Վճռական աջակցություն» նոր առաքելությունը, որը դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին միաձայն հաստատվել էր ՄԱԿ-ի կողմից:

Նոր առաքելության շրջանակներում Աֆղանստանում մնացել է 9800 ամերիկացի ևս մոտ 3000 զինծառայող՝ ՆԱՏՕ-ի անդամ 28 և գործընկեր 14 երկրներից, այդ թվում՝ նաև Հայաստանից, որոնք չեն մասնակցի մարտական գործողությունների, բայց հարկ եղած դեպքում հնարավորություն կունենան պաշտպանվել ու կվերապատրաստեն տեղի զինվորականներին ու ոստիկաններին։