Ադրբեջանի ԶՈւ 40 զինծառայող այսօր՝ հուլիսի 8-ին, մեկնել է Աֆղնաստան՝ ծառայություն իրականացնելու ՆԱՏՕ-ի՝ 2015-ի հունվարին մեկնարկած «Վճռական աջակցություն» առաքելության շրջանականերում: Ադրբեջանցի խաղաղապահների թիվն Աֆղանստանում ներկայում 94-ն է, որոնց թվում ծառայում են նաև 2 ռազմական բժիշկ և ինժեներական զորքերի 2 ներկայացուցիչ: Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքը:
Ադրբեջանցի խաղաղապահների խումբն Աֆղանստան է մեկնել Թուրքիայի ՌՕՈւ-ի C-130 Hercules բեռնատար ինքնաթիռով և իր ծառայությունն իրականացնելու է Թուրքիայի հրամանատարության ներքո, որն այս տարվա հունվարի 5-ին ստանձնել է Քաբուլի՝ ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական թռիչքների համար օգտագործվող միջազգային օդանավակայանի պաշտպանությունը:
Նշենք, որ Ադրբեջանի զինծառայողներն Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն են իրականացնում 2002-ի նոյեմբերի 20-ից:
Հիշեցնենք, որ 2011-ին Աֆղանստանում մեկնարկած ISAF առաքելությունն ավարտվել է 2014-ի դեկտեմբերի 28-ին: Նույն օրը Քաբուլում բարձրացվել է «Վճռական աջակցություն» նոր առաքելության դրոշը:
Հավելենք, որ այս նոր առաքելությանը մասնակցում են նաև հայ խաղաղապահներ, ովքեր մինչև Աֆղանստանի Մազարի-Շարիֆի օդանավակայանի պաշտպանությունը ստանձնելը վերապատրաստման դասընթացներ և նախատեղակայման վարժանքներ է անցել Գերմանիայում: