Թուրքիայի օդուժը հարվածել է «Քրդական աշխատավորական կուսակցության» դիրքերին

Հոկտեմբերի 13-ին թուրքական F-16 и F-4 կործանիչները Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) հետ 2013թ. մարտից հաստատված զինադադարից հետո առաջին անգամ ավիահարվածներ են հասցրել Թուրքիայի Հաքքարի նահանգում քրդական մարտիկների դիրքերին: Հաքքարի նահանգը Թուրքիայի հարավ-արևելքում է և սահմանակից է Իրաքի Քրդստանին։

PKK

Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները. ըստ Hürriyet Daily պարբերականի՝ Հաքքարի նահանգի Դաղլջա (Dağlıca) գյուղի շրջանում օդային հարվածի հետևանքով քրդերը զգալի կորուստներ են կրել:

Թուրքական զինվորականների խոսքերով՝ այդ ավիահարվածները պատասխան են երեկ՝ հոկտեմբերի 13-ին, թուրքական բանակի մի քանի հենակետերի գնդակոծմանը ենթադրաբար PKK մարտիկների կողմից։ Ընդհարումներ էին եղել ոչ միայն Իրաքի հետ սահմանին, այլ նաև սահմանից բավական հեռու Թունջելի (Tunceli) նահանգում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին Թուրքիայի մի շարք շրջաններում մարդիկ փողոց են դուրս եկել քրդական դրոշներով ու PKK ղեկավար Աբդուլլա Օջալանի նկարներով։ Երիտասարդերի խմբերը քաղաքներում բախվել են ոստիկանության ուժերի հետ, քարեր, բռնկվող նյութերով շշեր են նետել խանութների, ոստիկանների և այլ քաղաքացիների վրա, վառել են ավտոմեքենաներ ու ավտոբուսներ։ Թուրքիայի ավելի քան 14 խոշոր քաղաքում անկարգությունները ճնշելու համար թուրքական կառավարությունը հոկտեմբերի 8-ին  պարետային ժամ է հայտարարել Վանում, Մուշում, Դիարբեքիրում, Սիիրիթում (Սղերդ), Մարդինում։

Անկարգությունների պատճառը Թուրքիայի որդեգրած դիրքորոշումն է Սիրիայի քրդաբնակ Քոբանի քաղաքում վերջին շաբաթներին կատարվող իրադարձություններում։ Քոբանի քաղաքի շուրջ ծավալված իրադարձություններին Թուրքիան շարունակում է հետևել առանց ներգրավվելու որևէ գործողության, չնայած ամրացրել է իր սահմանը,  ինչպես նաև փակել  Քոբանիում «Իսլամական պետության» զինյալներին դիմադրող քրդական ինքնապաշտպանական ջոկատների մատակարարման ուղիները։  Թուրքիայով ճամփան միակն է, իսկ Թուրքիան փակում է այդ ճանապարհը, երբ երեք տարի շարունակ թույլ է տվել, որ աշխարհի տարբեր երկրներից զինյալներ հատեն Թուրքիա-Սիրիա սահմանը՝ դեպի Սիրիա։

Սիրիայի այդ քաղաքում արդեն մի քանի շաբաթ է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ մարտեր են մղում Քրդական դեմոկրատական միություն (PYD) կուսակցությունը և վերջինիս ռազմական թևը՝ Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները (YPG), որը սերտ կապեր ունի PKK-ի հետ։

Բախումներ պատճառով զոհերի թիվն արդեն հատել է 30-ի սահմանը։

Տեղեկացնենք, որ «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» հիմնադրվել է 1978 թվականին Դիարբեքիրում Աբդուլլահ Օջալանի կողմից, ով ներկայում ցմահ ազատազրկված է։ PKK-ն Թուրքիայի դեմ ակտիվ ռազմական գործողությունները սկսել է 1984 թվականին: Թուրքական իշխանությունների դեմ մղվող շուրջ 30 տարվա պայքարի ընթացքում զոհվել է 35 հազարից ավել մարդ:

2013 թվականի մարտին Դիարբեքիրում ընթերցվել է կազմակերպության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ուղերձը, որով նա կոչ էր անում PKK-ին վայր դնել զենքը, լքել Թուրքիայի տարածքը և անցնել քաղաքական պայքարի։ Նույն տարվա մայիսի 8-ից պաշտոնապես սկսվեց PKK-ի դուրսբերումը Թուրքիայի տարածքից, ինչպես նաև հրադադար հաստատվեց։ Սեպտեմբերին կազմակերպությունը հայտարարեց, թե դադարեցնում է դուրսբերման գործընթացը, սակայն հրադադարի ռեժիմը շարունակելու է պահպանել։

3 responses to “Թուրքիայի օդուժը հարվածել է «Քրդական աշխատավորական կուսակցության» դիրքերին

  1. Pingback: Թուրքիան փորձելու է կասեցնել Քրդական աշխատավորական կուսակցության գործունեությունը նաև արտերկրում | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքական զինուժը հրետակոծել է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» դիրքերը երկրի հարավում | Ռազմ.info

  3. Pingback: Թուրքիայի ավիահարվածներից Հյուսիսային Իրաքում սպանվել է PKK 390 զինյալ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *