Թուրքիան փորձելու է կասեցնել Քրդական աշխատավորական կուսակցության գործունեությունը նաև արտերկրում

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Նոր Զելանդիա պաշտոնական այցի ժամանակ հայտարարել է, որ իրենք շարունակելու են անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Թուրքիայում արգելված  Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) գործունեությանը նաև արտերկրում վերջ դնելու և դրա անդամներին դատարանի առջև կանգնեցնելու համար: Հաղորդում է թուրքական «Ջիհան» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու

Արտգործնախարարը, ընդգծելով Եվրոպական Միության (ԵՄ) աջակցությունն ու PKK-ի դեմ ակտիվ գործունեությունը, հիշեցրել է Գերմանիայում, Բելգիայում և Ֆրանսիայում հատուկ ծառայությունների կազմակերպած գործողությունները, որոնց շնորհիվ ահաբեկչական կազմակերպություն համարվող PKK-ին անդամակցելու համար Գերմանիայում 2013-ին բանտարկվել էր 5 մարդ, իսկ  2014-ին նույն մեղադրանքով ձերբակալված 2 անձանցից մեկին  դատապարտել էին 4 և կես տարվա ազատազրկման:

PKK-ն ԱՄՆ-ում և Եվրամիության երկրներում գրանցված է որպես ահաբեկչական կազմնակերպություն, բայց կուսակցության ենթակառուցվածքները  շարունակում են գաղտնի գործել տարբեր անունների տակ՝ հատկապես ԵՄ-ի մի շարք երկրներում:

Ավելացնենք, որ «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» հիմնադրվել է 1978-ին Դիարբեքիրում՝ Աբդուլլահ Օջալանի կողմից, ով ներկայում ցմահ ազատազրկված է։ PKK-ն Թուրքիայի դեմ ակտիվ ռազմական գործողությունները սկսել է 1984-ին: Թուրքական իշխանությունների դեմ մղվող շուրջ 30 տարվա պայքարի ընթացքում երկու կողմերից զոհվել է ընդհանուր առմամբ շուրջ 35 հազար մարդ։

2013 թվականի մարտին Դիարբեքիրում ընթերցվել է կազմակերպության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ուղերձը, որով նա կոչ էր անում PKK-ին վայր դնել զենքը, լքել Թուրքիայի տարածքը և անցնել քաղաքական պայքարի։ Նույն տարվա մայիսի 8-ից պաշտոնապես սկսվել է PKK-ի զինյալների դուրսբերումը Թուրքիայի տարածքից։ Սեպտեմբերին կազմակերպությունը հայտարարեց, որ դադարեցնում է դուրսբերման գործընթացը, սակայն հրադադարի ռեժիմը շարունակելու է պահպանել։

Այս տարվա հոկտեմբերին թուրք-քրդական հարաբերությունները, սակայն,  կրկին սրվեցին՝ կապված Սիրիայի քրդաբնակ Քոբանի քաղաքում այդ ընթացքում կատարվող իրադարձությունների նկատմամբ Թուրքիայի որդեգրած քաղաքականության հետ: Հոկտեմբերի սկզբին Թուրքիայի մի շարք շրջաններում մարդիկ, քրդական դրոշներով ու PKK ղեկավար Աբդուլլահ Օջալանի նկարներով դուրս գալով փողոց, բախվել էին ոստիկանության ուժերի հետ, քարեր, բռնկվող նյութերով շշեր («Մոլոտովի կոկտեյլներ») նետել խանութների, ոստիկանների և այլ քաղաքացիների վրա, վառել ավտոմեքենաներ ու ավտոբուսներ։ Բախումների հետևանքով զոհերի թիվը տարբեր տվյալներով անցել էր 30-ի սահմանը:

Թուրքիայի ավելի քան 14 խոշոր քաղաքում անկարգությունները ճնշելու համար թուրքական կառավարությունը հոկտեմբերի 8-ին  պարետային ժամ է հայտարարել Վանում, Մուշում, Դիարբեքիրում, Սիիրիթում (Սղերդ), Մարդինում։

Օրեր առաջ էլ բռնկվող նյութերով շշերի վերաբերյալ Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտարարել է, որ համաձայն նոր օրենքի՝ դրանք դիտարկվելու են որպես զենք, և ոստիկանապետերն ու ժանդարմերիայի հիմնական անդամներն իրավունք են ունենալու ցուցարարների մոտ նման իրերի առկայության դեպքում կրակ բացել անօրինական ցույցի դուրս եկածների ուղղությամբ, քանի որ, ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է նախարարը, այդ շշերն ատրճանակից ավելի արդյունավետ են և կարող են բազմաթիվ մարդկանց մահվան պատճառ դառնալ: Հաղորդում է թուրքական «Թարաֆ» ընդդիմադիր պարբերականն իր կայքէջում։

Հոկտեմբերի 13-ին էլ թուրքական օդուժի F-16 и F-4 կործանիչները Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) հետ 2013թ. մարտից հաստատված զինադադարից հետո առաջին անգամ ավիահարվածներ են հասցրել Թուրքիայի Հաքքարի նահանգում քրդական մարտիկների դիրքերին:

Թուրքական զինվորականների խոսքերով՝ այդ ավիահարվածները պատասխան են նախօրեին թուրքական բանակի մի քանի հենակետերի գնդակոծմանը ենթադրաբար PKK մարտիկների կողմից։ Ընդհարումներ էին եղել ոչ միայն Իրաքի հետ սահմանին, այլ նաև սահմանից բավական հեռու Թունջելի (Tunceli) նահանգում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *