Բաթումում նախատեսվում են վրաց-ամերիկյան հակաահաբեկչական վարժանքներ

Հոկտեմբերի 14-ին ԱՄՆ ռազմածովային ուժերի պատվիրակությունը «Մաունթ Ուիթնի» (Mount Whitney) ռազմանավով ժամանել է Վրաստանի Բաթումի նավահանգիստ։ Ամերիկյան պատվիրակությունը Բաթումում կմնա 5 օր։

Mount Whitney նավy

Mount Whitney նավy

Նավի անձնակազմը հանդիպելու է Վրաստանի ներքին գործերի նախարարության առափնյա անվտանգության սահմանապահ ոստիկանության ղեկավարներին, ինչպես նաև Աջարիայի ինքնավար հանրապետության պաշտոնատար անձանց և Բաթումի քաղաքապետին։

«Այս այցով Միացյալ Նահանգներն աջակցում են Վրաստանին ՆԱՏՕ-ի հետ համագործակցության, ինչպես նաև սևծովյան տարածաշրջանում հավասարակշռության և խաղաղության պահպանման գործում»։  Այս մասին հոկտեմբերի 13-ին հայտնել է Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը։

Նախատեսված է, որ այցի շրջանակներում անցկացվելու է հակաահաբեկչական և հրշեջ վարժանքներ, որոնց մասնակցելու են առափնյա անվտանգության, Բաթումի փրկարարական և հրշեջ ծառայությունների աշխատակիցներ։

Նավահանգստում գտնվելու ժամանակ «Մաունթ Ուիթնի» նավի տախտակամած կկարողանան բարձրանալ ցանկացողները, ինչպես նաև համերգային ծրագիր կկազմակերպվի քաղաքացիների համար։

Տեղեկացնենք, որ սա արդեն այս նավի երրորդ այցն է Վրաստան։ 2008 թվականի սեպտեմբերին վրաց-ռուսական հնգօրյա պատերազմից հետո այն առաջինն էր, որ Փոթի բերեց հումանիտար օգնություն։ Վերջին անգամ «Մաունթ Ուիթնին» Վրաստանում է եղել 2013 թվականի նոյեմբերին։ Ռազմանավը սպառազինության է ընդունվել 1971 թվականից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *