Մոտ օրերս Հայաստանում կբացվի հայ-լեհական համատեղ ռազմաարդյունաբերական ձեռնարկություն

Հայաստանում հոկտեմբերի 16-ին բացվելու է հայ-լեհական համատեղ ռազմաարդյունաբերական ձեռնարկությունը, որին ներկա է լինելու նաև Լեհաստանի Սենատի անդամ, նախկին ազգային պաշտպանության նախարար Բոգդան Կլիխին։

Սեյրան Օհանյանն ընդունել է Լեհաստանի Սենատի անդամ, նախկին ազգային պաշտպանության նախարար Բոգդան Կլիխին

Սեյրան Օհանյանն ընդունել է Լեհաստանի Սենատի անդամ, նախկին ազգային պաշտպանության նախարար Բոգդան Կլիխին

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ ՊՆ-ի հրավերով Հայաստան ժամանած Բոգդան Կլիխին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Բոգդան Կլիխի պաշտոնավարման ավարտից հետո հայ-լեհական ռազմական համագործակցության ոլորտում տեղի ունեցած զարգացումներին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Հավելենք, որ դեռ 2014 թվականի հուլիսին ՀՀ կառավարությունը հաստատեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ կառավարության որոշման նախագիծը, որի համաձայն Հայաստանը՝ շուրջ 406,65 մլն դրամի ներդրում է անելու հայ-լեհական «Լյուբավա-Արմենիա» ռազմարդյունաբերական ընկերությունում՝ ակնկալելով լեհական կողմի համապատասխանաբար շուրջ 10 մլն ամերիկյան դոլարի ներդրումներ:

Որոշման համաձայն՝ ՀՀ ՊՆ-ն՝ որպես «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» բաց բաժնետիրական ընկերության 80 տոկոս բաժնեմասի կառավարիչ, գործարանի 406,65 մլն դրամի գույք (վարչական, արտադրական մասնաշենքեր և հարակից հողատարածքներ) անհատույց փոխանցելու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը։ Գույքը կապիտալի տեսքով ներդրվելու է հայ-լեհական «Լյուբավա-Արմենիա» ռազմարդյունաբերական ընկերությունում, որի հաշվին կիրականացվեն արտադրությունը նախապատրաստելու և կազմակերպելու միջոցառումներ:

Հայկական կողմի ներդրման դիմաց լեհական կողմը տեխնոլոգիական սարքավորումների ձեռքբերման, տեխնոլոգիայի ձեռքբերման, կադրերի պատրաստման, արտադրության կազմակերպման և շինարարական աշխատանքների համար պետք է կատարի ևս 8 մլն ամերիկյան դոլարի ներդրում: Ընդ որում՝ 2013-ի օգոստոս ամսից մինչ օրս լեհական կողմը շինարարական աշխատանքների, մասնավորապես՝ նոր մասնաշենքի կառուցման համար արդեն ներդրել է 2 մլն ամերիկյան դոլար:

«Lubawa Armenia»-ի արտադրած վրաններից

«Lubawa Armenia»-ի արտադրած վրաններից

Տեղեկացնենք, որ «Լյուբավա-Արմենիա»-ն («Lubawa Armenia») ստեղծվել է 2013-ի մարտի 27-ին լեհական Lubawa ընկերության և «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» ԲԲԸ-ի միջև կնքված պայմանագրով:  «Լյուբավա-Արմենիա»-ի բաժնետոմսերի 51 տոկոսը պատկանում է լեհական կողմին, 49 տոկոսը՝ հայկական:

2013-ի ապրիլի 30-ին հայ-լեհական ընկերության հիմնադիրներից «Lubawa» ընկերությունը ներկայացրել է իր արտադրանքը Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչներին: Արտադրանքի մեջ եղել են քողարկման ցանցեր, վրաններ և պաշտպանության միջոցներ:

Իսկ արդեն 2013-ի դեկտեմբերին հայ-լեհական ընկերությունն իր առաջին պայմանագիրն է կնքել ՀՀ պաշտպանության նախարարության հետ, որի համաձայն՝ ընկերությունը պարտավորվել էր Հայաստանի զինված ուժերին տրամադրել քողարկման ցանցերի 80 համալիր՝ յուրաքանչյուրում 6×3քմ մակերեսով 12 ցանցեր: Պայմանագիրն արժեցել է շուրջ 1 մլն ամերիկյան դոլար:

One response to “Մոտ օրերս Հայաստանում կբացվի հայ-լեհական համատեղ ռազմաարդյունաբերական ձեռնարկություն

  1. Pingback: Բացվել է պաշտպանական միջոցներ արտադրող «Լյուբավա-Արմենիա» ընկերությունը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *