Հյուսիսային Իրաքում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին թուրքական օդուժի հարվածների պատճառով սպանվել է քրդական կազմակերպության 390 զինյալ, ինչի մասին թուրքական պետական «Անադոլու» գործակալությանը հայտնել է անանուն աղբյուրը:
Հուլիսից սկսած ավիահարվածների պատճառով Թուրքիայում ահաբեկչական համարվող քրդական կազմակերպության ևս մոտ 400 զինյալ վիրավորվել է: Իսկ ավիահարվածների հետ զուգահեռ ձերբակալվել է մոտ 1300 մարդ՝ տարբեր ահաբեկչական կազմակերպությունների հետ կապված լինելու մեղադրանքով:
«Անադոլուն» ավիահարվածներն ու թուրք-քրդական բախումները կապում է Թուրքիայի՝ սիրիական սահմանին տեղակայված Սուրուչ գավառում հուլիսի 20-ին իրականացված ահաբեկչության հետ՝ նշելով, որ դրանից հետո են սկսվել բախումները: Սակայն պետք է նկատել, որ այդ ահաբեկչությունն ուղղված է եղել հենց քրդերի դեմ, որոնք քաղաքում հավաքվել էին սահմանն անցնելու և Քոբանիի իրենց ազգակիցներին միանալու համար:
Այնուամենայնիվ, թուրք-քրդական վերջին շրջանի բախումների արդյունքում սպանվել է նաև Թուրքիայի 24 ուժային, ինչպես նշում է թուրքական «Հյուրիյեթ» լրատվակայքը օգոստոսի 8-ին (դրանից հետո՝ օգոստոսի 9-10-ին, ևս 5-6 ուժային սպանվել է Ստամբուլում ոստիկանատան շենքի պայթեցման և երկրի հարավում ոստիկանական ուժերի վրա հարձակումների ժամանակ):
Առաջարկում ենք ծանոթանալ նաև վերջին շրջանի թուրք-քրդական բախումների վերաբերյալ Ռազմինֆոյի կազմած ժամանակագրությանը:
Ուշագրավ է, որ Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավարության ղեկավարությունը Թուրքիայի քրդերին և PKK-ին օժանդակելու փոխարեն նրանց կոչ է արել հեռանալ այնտեղից, որպեսզի քրդական PKK-ի դեմ Թուրքիայի ավիահարվածները վնաս չհասցնեն տեղի խաղաղ բնակչությանը:
Իսկ PKK-ի բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանը նամակով դիմել է քրդերին և Թուրքիայի իշխանություններին՝ կոչ անելով դադարեցնել բախումները և սկսել բանակցություններ: Այս մասին տեղեկացնում է քրդական Rudaw լրատվակայքը:
Նախկինում նույնպես քուրդ առաջնորդը նման կոչով է հանդես եկել, ինչի արդյունքում թուրք-քրդական բանակցություններում խաղաղություն է հաստատվել որոշակի ժամկետով: Մասնավորապես 2013 թվականի մարտին Դիարբեքիրում ընթերցվել է Օջալանի ուղերձը, որով նա կոչ էր անում PKK-ին վայր դնել զենքը, լքել Թուրքիայի տարածքը և անցնել քաղաքական պայքարի։ Նույն տարվա մայիսի 8-ից պաշտոնապես սկսվել է PKK-ի զինյալների դուրսբերումը Թուրքիայի տարածքից։ Սեպտեմբերին կազմակերպությունը հայտարարել է, որ դադարեցնում է դուրսբերման գործընթացը, սակայն հրադադարի ռեժիմը շարունակելու է պահպանել։
2014-ի հոկտեմբերին, սակայն, թուրք-քրդական հարաբերությունները կրկին սրվել են՝ կապված Սիրիայի քրդաբնակ Քոբանի քաղաքում այդ ընթացքում կատարվող իրադարձությունների նկատմամբ Թուրքիայի որդեգրած քաղաքականության հետ: Հոկտեմբերի սկզբին Թուրքիայի մի շարք շրջաններում մարդիկ, քրդական դրոշներով ու PKK ղեկավար Աբդուլլահ Օջալանի նկարներով դուրս գալով փողոց, բախվել են ոստիկանության ուժերի հետ, քարեր, բռնկվող նյութերով շշեր («Մոլոտովի կոկտեյլներ») նետել խանութների, ոստիկանների և այլ քաղաքացիների վրա, վառել ավտոմեքենաներ ու ավտոբուսներ։ Բախումների հետևանքով զոհերի թիվը տարբեր տվյալներով անցել էր 30-ի սահմանը:
Թուրքիայի ավելի քան 14 խոշոր քաղաքում անկարգությունները ճնշելու համար թուրքական կառավարությունը հոկտեմբերի 8-ին պարետային ժամ է հայտարարել Վանում, Մուշում, Դիարբեքիրում, Սիիրիթում (Սղերդ), Մարդինում։
Հոկտեմբերին էլ թուրքական օդուժի F-16 и F-4 կործանիչները Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) հետ 2013թ. մարտից հաստատված զինադադարից հետո առաջին անգամ ավիահարվածներ են հասցրել Թուրքիայի Հաքքարի նահանգում քրդական մարտիկների դիրքերին:
Ավելացնենք, որ «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (Partiya Karkerên Kurdistan կամ PKK) քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում քրդական անկախ պետության հիմնումը: Այն հայտնի է նաև մի շարք այլ անուններով, այդ թվում նաև HPG անունով։
Կազմակերպությունը հիմնադրվել է 1978 թվականին Դիարբեքիրում Աբդուլլահ Օջալանի (Ափո) կողմից, ով ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը:
Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 9-15 օգոստոսի, 2015 | Ռազմ.info