Ռազմաշաբաթ. Հայաստան. սեպտեմբերի 7-13

Մահացել է զինծառայող: Կարմիր Խաչից այցելել են Ադրբեջանում հայ գերուն: Վերադարձվել է 15-ամյա ադրբեջանցի գերին: Սեյրան Օհանյանի այցը միջադեպ գրանցված զորամաս: Ականի պայթյունի հետևանքով վիրավորներին պրոթեզավորելու են լավագույն մասնագետները:

-Սեպտեմբերի 8-ին ՊՆ զորամասերից մեկի ավտոհավաքակայանի շինության ետնամասում հայտնաբերվել է պահակախմբում որպես ժամապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեյրանի Հարությունյանի դին: Զինծառայողը ծնվել է 1992-ին, զորակոչվել է 2013-ին Մաշտոցի զինկոմիսարիատից: Հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնում) 1-րդ մասի հատկանիշներով։ Պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով: Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Վրեժի Դավթյանը:

-Կամիր խաչի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են օգոստոսի 26-ին ՀՀ Տավուշի մարզից ադրբեջանական Ղազախի շրջանի Քեմերլի գյուղ անցած Սարգիս Նորիկի Անանյանին: Հանդիպման մանրամասները չեն հրապարակել: Բացի այդ, ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակն արդեն իսկ կապ է հաստատել գերու հարազատների հետ։ Այս մասին Ռազմինֆոյին հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի աշխատակից Հասմիկ Գալստյանը:

-Սեպտեմբերի 11-ին Արցախի իշխանությունները, ցուցաբերելով բարի կամք և կողմնակցություն Ժնևյան կոնվենցիաների դրույթներին, ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի օժանդակությամբ Ադրբեջանին են հանձնել 2014-ի սեպտեմբերի 5-ին Մարտակերտի հատվածն ինքնուրույն հատած և Արցախի համապատասխան ծառայությունների կողմից ձերբակալված 15-ամյա պատանուն:

-Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վերջերս ինժեներասակրավորական աշխատանքներ կատարելիս ականի պայթյունի հետևանքով վիրավորված զինծառայողներին պրոթեզավորելու համար հրավիրել է լավագույն մասնագետների: Վիրավոր զինծառայողներին պրոթեզավորելու է այն մասնագետը, ով տարիներ առաջ նույն խնդրով օգնել է նաև նախարար Սեյրան Օհանյանին: Այս մասին ասել է վիրավորներից Լեռնիկ Բաբայանը: Ռազմինֆոյի ռեպորտաժը հոսպիտալից կարդացեք այստեղ.

-Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 11-ին մեկնել է այն զորամասը, որտեղ 2014-ի սեպտեմբերի 8-ին հայտնաբերել էին պահակախմբում որպես ժամապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեյրանի Հարությունյանի դին: Նախարարը հատուկ շեշտել է, որ անկախ նրանից, թե ինչն է դրդել զինվորին ինքասպանության, զորամասի ղեկավարության պատասխանատվության չափը դրանից ոչ մի կերպ չի նվազելու և ծառայողական քննության ավարտից հետո օրենքի ամբողջ խստությամբ պատժվելու են բանակային զորամիավորման հրամկազմից սկսած մինչև դիվիզիոն-մարտկոց օղակի բոլոր հրամանատարները:

-Սեպտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մարտական գործողությունների մասնակիցների և երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստն էր։ Այն վարել է հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:Միջգերատեսչական հանձնաժողովը քննարկել և հաստատել է մարտական գործողությունների մասնակից հայրենիքի մի շարք պաշտպաններին մարտական գործողությունների մասնակցի և երկրապահ կամավորականի կարգավիճակի շնորհման դիմումները:

-ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է Գերմանիայի դաշնային պաշտպանության նախարարության պատվիրակությանը, ովքեր Երևանում էին հայ-գերմանական երկկողմ ռազմական համագործակցության բանակցություններին մասնակցելու նպատակով: Պայմանավորվածություն է ձեռք բերվել պահպանել համագործակցության զարգացման դինամիկան` փոխգործակցելիության հաստատված մակարդակը զարգացնելու նպատակով:

-Սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության նախարարություններն ու «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությունը կնքել են փոխըմբռնման հուշագիր, ըստ որի նախատեսվում է ՀՀ-ում հանրակրթական ուսումնական հաստատություններում ստեղծել «Պատանի երկրապահ» հայրենասիրական ակումբներ:

Ռազմաշաբաթը նաև`

Ադրբեջանում

Թուրքիայում

2 responses to “Ռազմաշաբաթ. Հայաստան. սեպտեմբերի 7-13

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. սեպտեմբերի 7-13 | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. սեպտեմբերի 7-13 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *